Չինաստանում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 2715-ի


Չինաստանում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 2715-ի
Փետրվար 26 09:27 2020

Չինաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 78 հազարը, ավելի քան 29 հազարը բուժվել և դուրս է գրվել հիվանդանոցներից: Այս մասին ասված է Չինաստանի առողջապահության պետական կոմիտեի հաղորդագրության մեջ, գրում ria.ru-ն։

31 նահանգներից վերջին տվյալների համաձայն՝ գրանցվել է վարակման 78 064 հաստատված դեպք, հիվանդանոցներից դուրս է գրվել 29 745 մարդ, իսկ մահացածների ընդհանուր թիվը հասել է 2715-ի:

Վերջին մեկ օրվա ընթացքում Հուբեյ նահանգում գրանցվել է 401 նոր դեպք, 52 մարդ մահացել է:

Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:

Չինաստանի սահմաններից դուրս կորոնավիրուսով վարակված մարդկանց թիվը հասել է 2459-ի: Նշվում է, որ այս պահի դրությամբ կորոնավիրուսով վարակումներ են գրանցվել աշխարհի 33 երկրներում: Ընդհանուր առմամբ, մահերի թիվը կազմում է 34, որից 11-ը գրանցվել է վերջին 1 օրում:

Ամբողջ աշխարհում  մարդիկ խուճապի են մատնվել սրընթաց տարածվող մահացու կորոնավիրուսի պատճառով: Հիվանդների ու զոհերի թիվն օրեցօր ավելանում է, իսկ վարակման դեպքեր են արձանագրվել նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը հանգեցրել է համաշխարհային խուճապի: