Վարորդ կա, որ արդեն 62 բալ է հավաքել


Վարորդ կա, որ արդեն 62 բալ է հավաքել
Փետրվար 25 17:57 2020

Hraparak.am-ը գրում է.

2020 թվականին բալային համակարգի ներդրումից հետո քաղաքում երթեւեկության վիճակը համեմատաբար բարելավվել է։ Համենայնդեպս, դա են փաստում քաղաքացիները, այդ թվում՝ վարորդները, որոնք սկսել են ավելի զգույշ վարել, հնարավորինս քիչ խախտում թույլ տալ։ ՃՈ պետ Եգոր Կարապետյանը մեզ հետ զրույցում ասաց, որ 9 բալը գերազանցելու պատճառով դեռ վարորդական իրավունքից զրկվողներ չեն եղել, քանի որ բողոքարկման ժամկետ կա, որը դեռ չի լրացել, սակայն արդեն կան 9 բալը մի քանի անգամ գերազանցած օրինախախտ վարորդներ, իսկ մեկ վարորդը հասցրել է իր խախտումներով 60 բալից ավելի հավաքել։

 

«Փետրվարի 18-ի դրությամբ տեսանկարահանող եւ լուսանկարահանող սարքերով արձանագրվել է 48 հազար 41 իրավախախտում, որից 13 հազար 549-ով կայացված որոշումներով կիրառվել է տուգանային միավոր։ 39 վարորդի նկատմամբ կիրառվել է ավելի քան 9 տուգանային միավոր, իսկ մեկ վարորդի նկատմամբ՝ արդեն իսկ 62 տուգանային միավոր»,- ասաց պարոն Կարապետյանը՝ նշելով, սակայն, որ 9 բալով վարորդական իրավունքից զրկման վարույթներ դեռ չեն հարուցվել, քանի որ բողոքարկման ժամկետը դեռ չի լրացել։

 

Բայց դա չի նշանակում, որ տարվա սկզբից մինչ օրս վարորդական իրավունքից զրկվողներ չեն եղել։ Պարզապես զրկվել են այլ խախտումների համար, օրինակ՝ ոչ սթափ վիճակում մեքենա վարելու։ Կարապետյանը նախ հիշեցրեց, որ 2020 թ․ հունվարի 1-ից ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխություններով՝ անձը համարվում է ոչ սթափ վիճակում գտնվող, եթե ստուգմամբ պարզվել է, որ նրա 1 լիտր արյան մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը 0.2 գրամից (նախկինում 0.4 էր) կամ 1 լիտր արտաշնչած օդի մեջ 0.1 մգ-ից (նախկինում 0.2 էր) ավելի է։

 

 

«Հատկանշական է, որ նշված ժամանակահատվածում, այսինքն՝ մինչեւ փետրվարի 18-ը, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում վարելու 763 դեպք, որից 180 դեպքով վարորդի արյան մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցել է մեկ գրամը, այսինքն՝ երկրորդ աստիճանի խմածություն է ունեցել։ Նշանակում է՝ այդ 180 վարորդի մոտ 0.5 մգ-ից ավելի է եղել ալկոհոլի պարունակությունը, ինչը նախատեսում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում 1 տարի ժամկետով։ Իսկ մինչեւ 0.5 մգ-ի դեպքում վարչական տուգանք է կիրառվում եւ բալ է հանվում»,-ասաց ՃՈ պետը։

 

Իսկ, ընդհանրապես, այս տարվա սկզբից մինչ փետրվարի 18-ը տարբեր իրավախախտումների համար վարելու իրավունքից զրկվել է 311 վարորդ։ Նրանցից 27-ը զրկվել է մեքենան առանց համարանիշի վարելու պատճառով, 16 վարորդ՝ ոչ սթափ վիճակում վարելու համար, 6 վարորդ՝ սթափության վիճակի զննությունից խուսափելու, 2 վարորդ՝ տեսուչի հրահանգին չենթարկվելու եւ փախուստի դիմելու, 3 վարորդ՝ հատուկ ձայնային ազդանշան կամ փարոսիկ տեղադրելու համար եւ ոչ միայն։ Բացի այդ, 77 վարչական գործերով նյութեր են նախապատրաստվել եւ ուղարկվել նախաքննական մարմնին՝ վարորդներին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար։ Նրանց հիմնական մասը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել եւ ոչ սթափ վիճակում է վարել, կամ մեքենան վարել են՝ զրկված լինելով վարորդական իրավունքից։



loading...