Սերժ Սարգսյանի փաստաբանը միջնորդեց մեղադրող դատախազին ինքնաբացարկ հայտնել


Սերժ Սարգսյանի փաստաբանը միջնորդեց մեղադրող դատախազին ինքնաբացարկ հայտնել
Փետրվար 25 16:38 2020

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստում Սերժ Սարգսյանի փաստաբան Ռուբեն Հակոբյանը գործով մեղադրող դատախազ, ՀՀ գլխավոր դատախազության ՀՔԾ-ում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Արսեն Մարտիրոսյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն ներկայացրեց:

 

 

Փաստաբանը միջնորդությունը ներկայացնելիս նախ՝ նշեց, որ օրենքի համաձայն՝ դատախազը չի կարող մասնակցել վարույթին, եթե ուղղակի կամ անուղղակի շահագրգռված է գործի ելքով, կամ, եթե տեղյակ է այնպիսի հանգամանքների մասին, որոնք կարող են կանխակալ կարծիք ստեղծել անկախ դիտորդի մոտ:

 

Փաստաբանի խոսքով՝ այս քրեական գործից տպավորություն է, որ Դատախազությունն ամեն գնով հապճեպ քայլեր է ձեռնարկել, որ Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրի:

 

Փաստաբան Ռուբեն Հակոբյանի խոսքով՝ նախաքննության ընթացքում խախտվել են օրինականության, ապացույցների գնահատման, անմեղության կանխավարկածի որոշ սկզբունքներ:

 

Ռուբեն Հակոբյանը մանրամասն անդրադարձավ նախաքննության ընթացքում՝ ինչպես Սերժ Սարգսյանի հարցաքննության, այնպես էլ՝ մեղադրանք առաջադրելու գործընթացում տեղի ունեցած խախտումներին:

 

«Բացառում ենք, որ դատախազ Արսեն Մարտիրոսյանն այդ խախտումները չի նկատել: Հռետորական հարց է առաջ գալիս՝ կարո՞ղ է արդյոք նման բնույթի և քանակի խախտումների վրա աչք փակած դատախազն այդ նույն գործով օբյեկտիվ, անկողմնակալ, անաչառ  և անկախ մեղադրող լինել: Մեզ համար պատասխանն ակնհայտ է»,- ասաց Ռուբեն Հակոբյանը՝ հավելելով, որ հույս ունեն, որ դատախազը «քաղաքացիական արիություն կցուցաբերի» և ինքնաբացարկ կհայտնի: Փաստաբանի խոսքով՝ դատախազի ինքնաբացարկ չհայտնելու դեպքում պաշտպանական կողմը նրան կներկայացնի բացարկի միջնորդություն:

 

Սերժ Սարգսյանը միացավ իր փաստաբանների ներկայացրած միջնորդությանը:

 

Գործով մեղադրյալներ Բարսեղ Բեգլարյանի, Սամվել Գալստյանի փաստաբանները միացան ներկայացված միջնորդությանը:

 

Գործով մեղադրյալներից Սերգո Կարապետյանի փաստաբանը որևէ դիրքորոշում չհայտնեց՝ նշելով, որ ինքնաբացարկի կամ բացարկի քննությունն ու այդ մասով որոշում կայացնելը թողնում է դատարանի որոշմանը:

 

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում