Սրտի արատ ունեցող իրաքցի 3-ամյա Արզնդայի վիրահատությունը Երևանում բարեհաջող է անցել


Սրտի արատ ունեցող իրաքցի 3-ամյա Արզնդայի վիրահատությունը Երևանում բարեհաջող է անցել
Փետրվար 25 10:34 2020

Երևանում գտնվող իրաքցի 3-ամյա Արզնդան, ով սրտի արատ ուներ, փետրվարի 24-ին վիրահատվել է:  Վիրահատությունը կատարվել է Երևանի քաղաքապետարանի «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնում:  Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին բժշկական կենտրոնից, 10 ժամ տևած վիրահատությունը բարեհաջող է անցել: Ներկայում երեխան վերակենդանացման բաժանմունքում է, ինքնուրույն շնչում է:

Իրաքի եզդի փախստականների ընտանիքում ծնված, սրտի բնածին արատ ունեցող 3-ամյա Արզնդան վիրահատության կարիք ուներ, որը հնարավոր չէ իրականացնել իր երկրում՝ Իրաքում: Նա վեց ամսական է եղել, երբ ընտանիքը նկատել է, որ երեխան առողջական խնդիրներ ունի: Նրան արդեն մեկ անգամ վիրահատել են իրավիճակը կայունացնելու համար: 2019թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Միրզա Դինայիի եւ նրա «Լյուֆթբրյուքե Իրաք» (Օդային կամուրջ Իրաք) կազմակերպության շնորհիվ եւ «Ավրորայի» աջակցությամբ Արզնդան օրեր առաջ տեղափոխվել էր Երևան՝ « Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն, որպեսզի այստեղ անցնի բուժօգնության հաջորդ փուլը: Այստեղ մինչ վիրահատությունը երեխան անցել է համալիր ստուգում:

Հայաստան տեղափոխվելու եւ անհրաժեշտ բուժում ստանալու համար փոքրիկին եւ նրա մորը մեծապես աջակցել են նաեւ ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը, «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնը: