Չինաստանում կորոնավիրուսի դեմ նոր պատվաստանյութ են մշակել


Չինաստանում կորոնավիրուսի դեմ նոր պատվաստանյութ են մշակել
Փետրվար 25 14:04 2020

Չինաստանի Տյանցզինի համալսարանի մասնագետները պատվաստանյութ են մշակել նոր տիպի կորոնավիրուսի դեմ, որը պետք է ընդունել բերանով: Գիտնականները պլանավորում են այն հնարավորինս արագ լրամշակել նախքան կլինիկական փորձարկումները: Այդ մասին գրել է չինական «Պենպայ» հրատարակությունը։

 

 

Պատվաստանյութի ներգործությունը հիմնվում է բնական իմունիտետի խթանման վրա: Մասնավորապես, այդ պատրաստուկի շնորհիվ օրգանիզմում պետք է առաջանա անտիգեն, որը գործում է կորոնավիրուսի սփայք-սպիտակուցների դեմ: Հենց այդ սպիտակուցների շնորհիվ է վիրուսը ներթափանցում օրգանիզմ եւ սկսում բազմանալ այնտեղ: Նոր միջոցն ակտիվացնում է իմունային գործընթացները, այդ թվում՝ հիվանդի լորձաթաղանթը, ինչը նրա բնական պաշտպանությունը պատրաստում է կորոնավիրուսի դեմ պայքարին: Մշակողների մտահղացմամբ՝ պատվաստանյութը պետք է թողարկեն հաբերով եւ այն անհրաժեշտ կլինի ընդունել պարզապես կուլ տալով եւ վրայից ջուր խմելով:

 

Ինչպես նշել է աշխատանքի ղեկավար պրոֆեսոր Ցզինհայ Հուանը, պատվաստանյութը կարող են ընդունել ինչպես արդեն ախտահարվածները, այնպես էլ առողջ մարդիկ՝ կանխարգելիչ նպատակներով: Ըստ որում գիտնականն ընդգծել է, որ պատվաստանյութի թեստավորումը, դրա արտադրությունը եւ վաճառքի հանելը շատ ժամանակ կպահանջի: Պատրաստուկի անվտանգությունը Հուանը թեստավորել է իր վրա եւ առայժմ ոչ մի կարգի կողմնակի ազդեցություններ չի արձանագրել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: