«Եթե Փաշինյանն իր թիմակցին չի ասում՝ եղբայր, դա սուտ է, մի տարածիր, ինքը դառնում է այդ ամենի պատասխանատուն». Մարուքյան


«Եթե Փաշինյանն իր թիմակցին չի ասում՝ եղբայր, դա սուտ է, մի տարածիր, ինքը դառնում է այդ ամենի պատասխանատուն». Մարուքյան
Փետրվար 25 13:50 2020

Փորձը ցույց է տալիս, որ որեւէ բան հերքելը չի գործում, որովհետեւ երբ քո մասին մի բան ասացին, մարդիկ հակված են դրան հավատալ, քան քո հերքմանը: Այս մասին Facebook-ի իր էջում ուղիղ եթերում նշել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նա խոսել է ֆեյսբուքում իրենց մասին տարածված երեք ստերի մասին: Առաջին սուտը, ըստ նրա յան է, որ մեկ շաբաթ առաջ ֆեյսբուքում նյութ է տարածվել, որ ինքը իբր Գագիկ Ծառուկյանի հետ ստորագրել է ինչ-որ փաստաթուղթ, որով պետք է Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակեն: Հետո այդ նյութը ջնջվել է, սակայն արդեն տարածված է եղել, մարդիկ տեսել են:

«Ես նման բան չեմ ստորագրել, չէի կարող ստորագրել»,-ասաց Մարուքյանը:

«Երկրորդ սուտը, գրում են, որ մենք եւ ՀՅԴ-ն աջակցում ենք «ոչ»-ի շտաբին: Մենք հայտարարել ենք, որ ընդհանրապես չենք մասնակցելու քարոզչության գործընթացին եւ հետ ենք քաշվել:

Մեզ հետ կապվում են հազարավոր քաղաքացիներ, ասում են՝ խնդրում ենք, ընտրական հանձնաժողովներում ձեր տեղերը տվեք մեզ գնանք էդ մի օրն աշխատենք, էդ 66 հազար դրամն ստանանք, բացի փող չունենք: Մենք ասում ենք, որ մենք տեղեր չունենք հանձնաժողովներում, որովհետեւ պաշտոնապես գրանցված «ոչ»-ի թիմը միայն կարող է հանձնաժողովում տեղեր նշանակելու: Մենք նաեւ ասում ենք, որ հնարավորություն կա, մենք դեմ չենք, որ դուք գնաք եւ հանձնաժողովներում աշխատեք, դա քարոզչություն չի, մեկ օրվա աշխատանք է: Հանձնաժողովի անդամը օրենքով սահմանված կարգով ուղղակի քվեարկության ժամանակ օրենքն է իրացնում: Ասել ենք՝ դեմ չենք, որ մեր անդամները գնան եւ աշխատեն: Խոսքն այն մարդկանց մասին է, որոնք լիցենզիա են ստացել ԼՀԿ-ի կողմից: Եթե մենք դեմ էլ լինենք, իրենք կարող են գնալ ու աշխատել:

Դրանից հետո լուր է տարածվում, որ մենք աջակցում ենք «ոչ»-ի շտաբին, որովհետեւ «ոչ»-ի քարոզչություն Հայաստանում չկա:

Այդ մարդիկ ընդամենը հետեւելու են արդարությանը, եւ իշխանական ճամբարից խառնվել են իրար: Իմ մոտ տպավորություն է, որ մարդիկ վախենում են, որ հանձնաժողովում գրագետ մարդիկ են ներգրավվում։ Կարո՞ղ է ուզում եք հանրաքվեն կեղծել, դրա համար եք խառնվել իրար։ Չգիտեմ, չեմ ուզում ես խառնվել այն ամենի մեջ, բայց իմացեք, որ դա էլ է սուտ»,-հայտարարել է Մարուքյանը:

Երրորդ սուտը Մարուքյանի ներկայացմամբ այն է, որ Նիկոլ Փաշինյանին մտերիմ մի անձնավորություն, որ «Ելք» դաշինքի ժամանակ իրենց հետ շփվել է, իրար ճանաչում են, ֆեյսբուքի իր էջում տարածել է նյութեր, որ Դավիթ Խաժակյանը հանդիպել է «Ադեկվադների» հետ: Մարուքյանը հիշեցրեց, որ տարածված լուսանկարը երկու տարվա վաղեմություն ունի եւ արվել է այն ժամանակ, երբ Խաժակյանն ու «Ադեկվադի» անդամները հաղորդման հյուր են եղել։

«Ժողովուրդ, այլանդակ հակաքարոզչություն է տեղի ունենում: Ես տեսնում եմ, որ այսօր անբարոյականությունը սահմաներ չունի։ Ցանկացած բան, ցանկացած մարդու մասին կարելի է ասել, տեսանյութ պատրաստել»,- ասաց նա եւ հավելեց, որ նման դեպքերում, սակայն, դատի տալն անիմաստ է, քանի որ շատ նյութեր անհեղինակ են։

«Երբ իշխանությունը լացում է, թե մեդիաներն իրենց չեն պատկանում, իմացեք, որ այսօր մեդիատիրույթում ամենահզորը գործող իշխանությունն է։ Այսօր գործող իշխանության դեմ այս առումով խաղ չկա։

 

Եթե Նիկոլ Փաշինյանը տեսնելով, որ թիմակիցը երկու տարի առաջվա նկար է տարածքում եւ չի ասում՝ եղբայր, դա սուտ է, մի արա, էս մեր տեսակը չի, ինքը դառնում է այդ ամենի թիվ մեկ պատասխանատուն: Հետեւեք ձեր մարդկանց, թույլ մի տվեք, որ բարոյականության բոլոր սահմանները մարդիկ հատեն»,-ընդգծեց նա:



loading...