Եղբայրներով. Հայկ Ստվերն ու Մխիթարը

Եղբայրներով. Հայկ Ստվերն ու Մխիթարը
Փետրվար 25 00:42 2020

Երևի մոռացել եք, որ Հայկ Ստվերը ԱԺ պատգամավոր Մխիթար Հայրապետյանի եղբայրն է։ Հայկին Նիկոլ Փաշինյանի հետ ծանոթացրել է նրա փոքր եղբայրը՝ Մխիթարը։ Մինչ այդ Հայկը ապրում էր Ուկրաինայում, երգում էր ակումբներում, ռեստորաններում։ «Քաղաքացու երգի» կատարումը  բարձր նշաձող էր Հայկի համար, քաղաքական առումով,  այնքան բարձր, որ դժվար էր պատկերացնել՝ դրանից հետո նա կարո՞ղ էր ինչ որ բան երգել, որը կապ չունենա քաղաքականության հետ։ Համարյա նույն ճանապարհն անցավ նաև փոքր եղբայրը։ Այնքան անակնկալ էր Մխիթարի  համար պաշտոնը, որ անգամ եղբայրը հարցազրույցներում ասում էր, որ «Ճիշտն ասած` հիմա էլ չենք պատկերացնում եւ չենք հավատում, որ նա նախարար է»։ Մեկնաբանություն չանեմ։

 

 

 

Հիմա վիճակն այլ է․ Հայկ Ստվերը քաղաքական նոր երգի պատվեր է ստացել․ հանրությանն է ներկայացրել «Ասում եմ այո» երգը: Երգի երաժշտության հեղինակը Հայկն է, իսկ խոսքերը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանինը: Երգը  չարժանացավ «Իմ քայլը» երգի ցնծությանը, համաժողովրդական սիրուն։  Մարդկանց չի գոհացնում երգը, համացանցում դժգոհություններ են։ Սա վկայություն է այն բանի, որ անցել է համաժողովրդական էյֆորիան։ Մարդիկ էլ իրենց չեն տեսնում ընդհանուր պայքարի արդյունքի մեջ։ Իրենց դուրս մղված են զգում։

 

Հայկը մեղավոր չէ։ Քաղաքականությունը երգի, արվեստի հետ կապ չունի։ Նիկոլ Փաշինյանի երգը խոսքերը զուտ քաղաքական են․ նրա մեջ  հանրությանը միավորող, պետականապետ, երկրի Տիրոջ խոսք չկա։ Երգն ասես գրված  լինի ֆիդայապետի կողմից՝  թշնամու դեմ․

 

Արդարությանը ասում եմ Այո,

Ոչ մի հրոսակ որ չխուսափի,

Հանցանքին արժան պատասխան տալու

Եւ հատուցելու ահեղ սարսափից:

 

Հարցազրույցներից մեկում Հայկն ասում է․ «Ճիշտն ասած, ես հոգնել եմ քաղաքականացված կյանքից, Հայաստանում դա չափից ավելի է: Ինձ թվում էր` խորհրդարանական ընտրություններից հետո այդ ալիքը կմարի, բայց ոչ: Անպայման մեկը որեւէ հարցի շուրջ մեկնաբանություն է անում, մյուսներն էլ նրան են մեկնաբանում: Ինձ համար` որպես արվեստագետի, դա շատ տխուր երեւույթ է: Չէ՞ որ ուրիշ բաներ էլ են կատարվում աշխարհում»: Մի այլ տեղ ասում է․ «․․․Հայաստանում կյանքն այնքան լավ չէ, որ հաստատ ասեմ` կմնամ: Ապագան անորոշ է»:

 

Ու սա ասում է «Այո» երգող մարդը,  ու սա ասում է մարդ, ում հարազատ եղբայրը իշխանություն է ներկայացնում։ Ամեն դեպքում երգչի մեջ ապրում է ազատ մարդը, ու նրան հեշտ չէ «բանտարկել քաղաքական շղթաներով»։

loading...