Նիկոլ Փաշինյանի բանաստեղծության հիման վրա գրված երգը տեսահոլովակ կունենա


Նիկոլ Փաշինյանի բանաստեղծության հիման վրա գրված երգը տեսահոլովակ կունենա
Փետրվար 25 00:12 2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանաստեղծության հիման վրա գրված՝ ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեի վերաբերյալ «Ասում եմ այո» երգը տեսահոլովակ կունենա:

 

Երգիչ Հայկ Ստվերը Ֆեյսբուքի իր էջում լուսանկար է հրապարակել տեսահոլովակի նկարահանումներից՝ կից գրելով. «Տեսահոլովակի նկարահանումներ: Съёмки клипа»:

Ավելի վաղ վարչապետն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր կայանալիք հանրաքվեի առիթով գրված բանաստեղծությունն, իսկ երգիչը հայտնել էր, որ բանաստեղծության հիման վրա երգ գրելու առաջարկ է ստացել: 

 

«Այս բանաստեղծությունը նվիրում եմ Հայաստանի Հանրապետության հպարտ Քաղաքացու՝ ապրիլի 5-ի հաղթանակին:

 

Հանրաքվե

 

Հեղափոխությանը ասում եմ Այո,
Ետ ճամփա չունի դեպի գաղջ անցյալ՝
Իր վաղվա օրվան ժպիտով նայող,
Ժողովուրդը բորբ, հպարտ, միացյալ:

Արդարությանը ասում եմ Այո,
Ոչ մի հրոսակ որ չխուսափի,
Հանցանքին արժան պատասխան տալու
Եւ հատուցելու ահեղ սարսափից:

 

Ազատությանը Այո եմ ասում,
Իմ ձեռքերով եմ նվաճել քանզի,
Երկար տարիներ դավերով բազում,
Ինձանից խլված արժեքն այդ հազիվ:

 

Այո եմ ասում Նոր Հայաստանին,
Երջանիկ, հզոր, ինքնիշխան, ազատ:
Եւ ժողովրդիս՝ ասում ընտանիք,
Եւ հայրենիքիս՝ օջախ հարազատ:

 

Հեղափոխությանը ասում եմ Այո,
Ետ ճամփա չունի դեպի գաղջ անցյալ,
Իր ապագային ժպիտով նայող,
Ժողովուրդը մեծ, հպարտ, միացյալ», - գրել էր Նիկոլ Փաշինյանը: