Ադրբեջանի կողմից էսկալացիան բանակցային գործընթացում առաջընթացի հնարավորություն չի տալու. Մնացականյան


Ադրբեջանի կողմից էսկալացիան բանակցային գործընթացում առաջընթացի հնարավորություն չի տալու. Մնացականյան
Փետրվար 24 15:40 2020

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում առաջընթացի հնարավորություն չի տեսնում Ադրբեջանի կողմից էսկալացիայի ռիսկերի աճի պայմաններում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Մնացականյանն ասաց փետրվարի 24-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում, անդրադառնալով ադրբեջանական կողմից կրակոցից զինծառայողի վիրավորում ստանալու դեպքին:

«Այդ դեպքը չափազանց մտահոգիչ է, որովհետև գիտեք շատ լավ, որ էսկալացիայի ռիսկերի նվազեցման տարրը մեզ համար կարևորագույններից է բանակցային ամբողջ փաթեթի մեջ: Էսկալացիայի ռիսկերի աճը հնարավորություն չի տալու իրական, էական առաջընթաց ունենալ բանակցային գործընթացում: Մենք շարունակելու ենք կոնկրետ առաջարկներով առաջ տանել մեր օրակարգը»,- ասաց Մնացականյանը:

Ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները փետրվարի 23-ին կրակ են բացել ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների մարտական դիրքերի ուղղությամբ: ՀՀ զինված ուժերը զոհ չունեն, թեև ավելի վաղ հայտարարվել էր մեկ վիրավորի մասին: Վիրավորումը թեթև է, զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում: Ադրբեջանը միջադեպը հայկական կողմից «դիվերսիայի փորձ» է որակել՝ հայտարարելով մեկ զոհի մասին: ՀՀ պաշտպանության նախարարությունը հեքիաթ է համարում ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը դիվերսիայի մասին: