ՀՀ և Իրանի քաղաքացիների՝ հայրենիքներ վերադառնալու համար սահմանափակումներ չպետք է լինեն. վարչապետ


ՀՀ և Իրանի քաղաքացիների՝ հայրենիքներ վերադառնալու համար սահմանափակումներ չպետք է լինեն. վարչապետ
Փետրվար 24 11:57 2020

ՀՀ կառավարությունում րոպեներ առաջ  ավարտվել է կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի նիստը, որի արդյունքներով կայացրած որոշման մասին ՀՀ վարչապետը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում՝ գրելով. 

«1. Երկու շաբաթով դադարեցնել ցամաքային հաղորդակցությունը Իրանի Իսլամական Հանրապետության հետ: 

2. Օդային հաղորդակցության նկատմամբ կիրառել ոչ ամբողջական սահմանափակումներ: 

3. Իրանի Իսլամական Հանրապետության հետ բեռնափոխադրումները իրականացնել առանց սահմանափակումների, կիրառելով վարորդների նկատմամբ հատուկ հսկողության ռեժիմ: 

4. Որեւէ սահմանափակում չկիրառել Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների՝ հայրենիք վերադառնալու համար: 

5. Երկու շաբաթվա ընթացքում բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության հետ լինել սերտ հաղորդակցության մեջ, ամբողջացնել տեղեկությունները ԻԻՀ-ում կորոնավիրուսի տարածման ծավալների վերաբերյալ՝ հետագա անելիքները ճշգրտելու համար: 

6. Կառավարությունը քիչ անց հեռակա նիստով կկայացնի համապատասխան որոշում, որը ուժի մեջ կմտնի հրապարակման պահից: 

Հարկ եմ համարում արձանագրել, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության ոչ մի դեպք չունենք եւ հույս ունեմ՝ չենք ունենա: Հայաստանը ունի բոլոր անհրաժեշտ տեխնիկական եւ մասնագիտական ռեսուրսները կորոնավիրուսի ճշգրիտ ախտորոշման համար»: 

Հիշեցնենք, որ սահմանի փակման անհրաժեշտության մասին ՀՀ վարչապետը տեղեկացրել էր երեկ: 

Բացի Հայաստանի Հանրապետությունից, Իրանի հետ սահմանային սահմանափակումներ են մտցրել նաեւ Թուրքիան եւ Աֆղանստանը: