Չարաշահումներ՝ հենաշարժողական խնդիրներով շահառուներին աջակցող միջոցների տրամադրման գործընթացում


Չարաշահումներ՝ հենաշարժողական խնդիրներով շահառուներին աջակցող միջոցների տրամադրման գործընթացում
Փետրվար 24 11:32 2020

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված հաղորդման հիման վրա Լոռու մարզի դատախազությունում պետական շահերի պաշտպանության շրջանակներում կատարվել են ուսումնասիրություններ՝ պետական հավաստագրերի հիման վրա շահառու՝ հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց աջակցող միջոցների տրամադրման, ինչպես նաեւ այդ ուղղությամբ պետական միջոցների նպատակայնության եւ արդյունավետության վիճակը պարզելու ուղղությամբ։

 

Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ ուսումնասիրությամբ պարզվել է, որ որակավորման ընթացակարգի արդյունքում ընտրված եւ պատվիրատուի՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ կնքված պայմանագրերի հիման վրա երկու կազմակերպություն պարտավորվել են պետական հավաստագրերի հիման վրա ՀՀ կառավարության 2015թ. սեպտեմբերի 10-ի N 1035-Ն որոշմամբ սահմանված կարգով շահառու անձանց տրամադրել պատշաճ որակի աջակցող միջոցներ, դրանք շահառուին տրամադրել՝ վերջինիս կարիքներին վերջնականապես հարմարեցնելուց, տրամադրելուց եւ նրա գրավոր համաձայնությունը ստանալուց հետո, սովորեցնել դրանք օգտագործելու ձեւը՝ միաժամանակ ստանձնելով նաեւ պայմանագրով նախատեսված պարտավորություններն առանց կանխավճարի կատարելու պարտավորություն։

 

Մինչդեռ պարզվել է, որ այդ կազմակերպություններից մեկի իրավասու անձինք, ի սկզբանե խարդախությամբ զգալի չափերի գումար հափշտակելու շահադիտական դրդումներով, մեկ միասնական դիտավորությամբ 2019թ. հոկտեմբեր եւ նոյեմբեր ամիսներին 3 շահառուների չեն հանձնել վերջիններիս պրոթեզաօրթոպեդիկ եւ վերականգնողական պարագաներ, պետական հավաստագրերի գնին համարժեք վերականգնմանն աջակցող այլ տեխնիկական միջոցներ:

Եվ առանց դրանք տրամադրելու՝ կազմել, հաստատել եւ պատվիրատուին՝ նախարարությանը ներկայացրել են ծառայությունների դիմաց անկանխիկ փոխանցման համար հիմք հանդիսացող բովանդակությամբ կեղծ ստացականներ, հաշվետվություններ, հանձնման-ընդունման ակտեր, հաշիվ-ապրանքագրեր՝ այդ կերպ մոլորության մեջ գցելով պատվիրատուին:

 

Մյուս կազմակերպության իրավասու անձինք, դարձյալ օգտվելով նախարարության հետ կնքված պայմանագրի հնարավորությունից, նպատակ ունենալով խարդախությամբ զգալի չափերի գումարներ հափշտակել, ձեռք են բերել անորակ եւ շահագործման համար ոչ պիտանի աջակցող միջոցներ, որոնք 2019թ. մարտ-ապրիլ ամիսներին պետական բյուջեով նախատեսված միջոցների շրջանակներում տրամադրված պետական հավաստագրերի հիման վրա հատկացրել են 6 շահառուների: Այնուհետեւ շահառուներից, ինչպես նաեւ պատվիրատուից թաքցնելով աջակցող միջոցների անորակ կամ շահագործման համար ոչ պիտանի լինելու փաստը՝ կազմել, հաստատել եւ պատվիրատուին են ներկայացրել հիշյալ շահառուներին պայմանագրով ամրագրված տեխնիկական բնութագրերին համապատասխանելու վերաբերյալ ծառայությունների դիմաց անկանխիկ փոխանցման համար հիմք հանդիսացող, բովանդակությամբ կեղծ ստացականներ, հանձնման-ընդունման ակտեր, եւ այլ փաստաթղթեր՝ այդ կերպ մոլորության մեջ գցելով պատվիրատուին:

 

Արդյունքում կազմակերպությունների հաշվարկային հաշիվներին անհիմն փոխանցվել են զգալի չափերի գումարներ, որոնք ընկերությունների իրավասու անձանց կողմից, օգտագործելով պաշտոնեական դիրքը, խարդախությամբ հափշտակվել են:

 

Նկատի առնելով, որ ուսումնասիրություների արդյունքում ի հայտ են եկել պաշտոնեական դիրքն օգտագործելով խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակության, ինչպես նաեւ  փաստաթղթեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու առերեւույթ հատկանիշներ պարունակող տվյալներ՝ վերոհիշյալ փաստերի առթիվ ՀՀ Լոռու մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1․1-րդ կետի եւ  ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է երկու քրեական գործ:

Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությանը։



loading...