ԱԺ պատգամավորը ներողություն է խնդրել կորոնավիրուսի հարուցիչի վերաբերյալ կատակի համար


ԱԺ պատգամավորը ներողություն է խնդրել կորոնավիրուսի հարուցիչի վերաբերյալ կատակի համար
Փետրվար 23 23:30 2020

ԱԺ պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այս ելույթում, բոլորովին այլ թեմայի եթատեքստում խոսում էի այն մասին, որ արտակարգ իրավիճակներում խուճապը կարող է ավելի բացասական ազդեցություն ունենալ, քան այդ իրավիճակը ինքնին:
Չինաստանը կարողանում է այս համաճարակի դեմ պայքարել, քանի որ հանրությունը ու պետական մարմինները գերկազմակերպված են ու քայլում են նույն գծով:
Նույնը պետք է տեղի ունենա մեզ մոտ, մենք պետք է որոշումների կայացման գործում վստահենք մասնագետներին և «առաջին ձեռքից» տեղեկություն ունեցող պատասխանատուներին:

Այս թեմայով վերջին գրառմանս մեջ հումորով կոչ էի արել արհեստական խուճապ չստեղծել, ինչը ըստ որոշ ընկերների կարող է ընկալված լինել իբրև անձնական վիրավորանք: 

Թեև նման նպատակ բնականաբար չունեի և անձնական վիրավորանքները համարում եմ խիստ անընդունելի, հայցում եմ բոլոր նրանց ներողամտությունը, ով կարող էր այդ փաստորեն չստացված հումորը ընկալել իբրև վիրավորանք: 
Առջևում Մեծ Պահքն է, բոլորիս մաղթում եմ բարություն և ամենակարևորը առողջություն»:

Ավելի վաղ, պատգամավորը հետևյալ գրառումն էր կատարել․ «Երբ Հայաստանը դժվար օրեր էր ապրում, Իրանը բառի բուն իմաստով վերջին հույսն էր պարենային ու շատ այլ ապրանքատեսակների մատակարարման ու վերջնական մեկուսացումից խուսափելու առումով:
Խնդրում եմ դադարեք հայ-իրանական սահմանը փակելու մասին խոսակցությունը, սա անպատասխանատու մոտեցում է ու չի բխում բարեկամ պետությունների հարաբերությունների տրամաբանությունից և մեր երկրի շահերից: Վերջ տվեք նման անթույլատրելի հայտարարություններին:

Դրա փոխարեն, մատերի վրա հաշված սահմանային անցակետեր ունենք. հզորացվում է բժշկական հսկողությունը, անհրաժեշտ է տասնապատիկ հսկողություն, ինչը իհարկե 100%-անոց երաշխիք լինել չի կարող, բայց հաստատ ավելի արդյունավետ է, քան ետին մտքին ապավինող քաղաքական հայտարարությունները:

Եվ վերջում, պանիկա ստեղծողները հաջորդ կյանքում կորոնավիրուսի հարուցիչ են լինելու»։

 


loading...