Ինչու չի կարելի հաճախակի կրել մազակալ


Ինչու չի կարելի հաճախակի կրել մազակալ
Փետրվար 22 00:30 2020

Երկար մազեր ունենալն արդեն հաճույք է: Հաճույք է նաև մազերը հավաքելու համար տարատեսակ մազակալներ, կապիչներ, ամրակներ գնելը: Սակայն, ցավոք, մազերի գեղեցիկ աքսեսուարները ոչ միայն լրացնում են մեր մազերի հարդարանքը և զարդարում սանրվածքը, այլև հաճախ վնասում են գլխի մաշկը:

Դեռևս հին Եգիպտոսում կանայք սիրում էին օգտագործել մազակալներ: Ժամանակի ընթացքում կանանց սերն ու հետաքրքրությունը գեղեցիկ մազակալների նկատմամբ չնվազեց: Օգտագործում էին ժապավեններ, թանկարժեք քարերով և թանկարժեք մետաղներից մազակալներ, որոնք ավելի շատ մշակույթի գործեր էին հիշեցնում:

 

Իսկ ի՞նչ առաջարկ այսօր մենք ունենք խանութներում: Գրեթե բոլոր առաջարկվող մազակալները, կապիչները, գամասեղները անորակ են, պատրաստված կոպիտ մետաղներից: Այդ պատճառով էլ մասնագետները հորդորում են մազակալներ գնելիս առավել ուշադիր լինել, քանի որ դրանց անորակության պատճառով հաճախ վատանում է նաև մազերի որակը:

 

Մազակալներ

 

Ոճաբանները և վարսավիրները գիտեն, որ մազերի երեկոյան սանրվածք ստանալու համար անհրաժեշտ են մետաղական գամասեղներ: Անգամ բոլորին հայտնի ամենօրյա «խխունջը» առանց գամասեղների հնարավոր չէ ստանալ: Դրանք հիանալիորեն ամրացնում են մազերը, սակայն վերջիններիս անմիջական շփումը մետաղի հետ, ինչպես նաև դրանց՝ գլխամաշկի վրա առաջացրած քերծվաքները հաճախ մազաթափման և վարսերի փայլի կորստի պատճառ են հանդիսանում:

 

Նույնը վերաբերվում է նաև մազակալներին: Մազակալներ գնելիս համոզվեք, որ ամրացման մեխանիզմը որոկով է, չի քաշի մազերը և հեշտությամբ կարելի է հանել գլխից: Գամասեղների և ամրակների հաճախակի օգտագործումը ցանկալի չէ մազերի համար: Մազերը պետք է հանգստանան «մեխանիկական» ազդեցությունից:

 

Առողջ և որակով մազեր ունենալու համար պետք է օգտագործել պաշտպանիչ հեղուկներ: Այն նաև կպաշտպանի մազերը արտաքին միջավայրի ազդեցությունից, կդարձնի ենթարկվող, փայլող և ծավալուն:

 

Մազերի ռետինե կապիչներ

 

Պոչը սանրվածք է, որը միշտ նորաձև է, և այն ստանալու համար հիմնականում պահանջվում է մազերի ռետինե կապիչներ: Ժամանակի ընթացքում դրանք պոկվում են, բայց հաճախ, մինչև վերջնական կտրվելը, մենք այն օգտագործում ենք կիսակտրված, ճաքած վիճակում, առանց հասկանալու, որ հենց նման ճաքերն են մազերի ճյուղավորման պատճառ դառնում:

 

Խնայեք ձեր մազերը և մի խնայեք մազակալների վրա: