Ռազմիկ Աբրահամյանի մեղադրանքի նոր դրվագները հորինված են. փաստաբան


Ռազմիկ Աբրահամյանի մեղադրանքի նոր դրվագները հորինված են. փաստաբան
Փետրվար 21 19:10 2020

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթացող առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի եւ «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» կենտրոնի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի գործով դատական նիստից հետո կանայք, որոնք պնդում են, թե իրենց ապօրինաբար զրկել են իրենց երեխաներից, մոտեցան Աբրահամյանին եւ կրկին պահանջեցին իրենց երեխաներին։

 

Ռազմիկ Աբրահամյանը չխոսեց այդ կանանց հետ։ Նրա փաստաբան Սամվել Դիլբանդյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց, որ Աբրահամյանի մյուս գործով այդ կանայք չեն անցնում։

 

Խոսելով մյուս մեղադրանքից, պաշտպանն ասաց, որ տվյալ գործում կան նաեւ այն մայրերի հրաժարականները, որոնք հրաժարվել են իրենց երեխաներից. «Առանց այդ հրաժարականների Սոցապ նախարարությունը չէր կարող այդ երեխաների գործերն ուղարկեին մանկատուն»։

 

Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ են այդ կանայք բողոքում, Դիլբանդյանն ասաց, որ իրենց համար էլ է դա անհասկանալի. « 10 տարի անցնելուց առաջ երբ հրաժարվել են, այդ տարիների ընթացքում որեւէ հետաքրքրություն չեն ցուցաբերել իրենց երեխաների նկատմամբ, այսօր ինչպե՞ս եղավ, որ հիմա այս մայրերը պահանջում են իրենց երեխաներին»։

 

Ճշտող հարցին՝ քանի՞սն են այդ կանայք, Դիլբանդյանը չցանկացավ թիվ նշել, միայն ասաց, որ մեկ տասնյակից քիչ են։

 

Պաշտպանը շեշտեց, որ Ռազմիկ Աբրահամյանի մեղադրանքի նոր դրվագները հորինված են։

 

Նշենք, որ որդեգրումների գործով անցնող, գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանի մեղադրանքը փոփոխվել եւ լրացվել է։ Նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՔՕ-ի 167֊րդ հոդվածի 3֊րդ մասով (ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով)։

 

Հիշեցնենք, որ Ռազմիկ Աբրահամյանից բացի մեղադրանք է առաջադրվել նաեւ փոխտնօրեն Արշակ Ջերջերյանին, «Երեւանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանին։ Լիանա Կարապետյանը Դատախազության բողոքարկմամբ՝ կալանավորվել է։