Եկեք Ալենի զոքանչի հարցն էլ դնենք հանրաքվեի


Եկեք Ալենի զոքանչի հարցն էլ դնենք հանրաքվեի
Փետրվար 20 23:55 2020

Այսօր կառավարության դիմաց մի տղամարդ մոտեցել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին ու առաջարկել «բալկոնից վայր նետել» նրա զոքանչին։ Ալենի զոքանչը, ինչպես գիտեք, «Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանն է, որը համատեղության կարգով և ճակատագրի բերումով ԱԺ փոխնախագահի զոքանչն է, ում ձեռքը կրակն է ընկել փեսան, նույն ինքը՝ Ալեն Սիմոնյանը։ 

 

«Հրապարակը», իր ոճին հավատարիմ, պարբերաբար քննադատում է իշխանություններին, որի մաս է կազմում Ալեն Սիմոնյանը։ Ու եթե նախկինում մեր քննադատությունները դուր էին գալիս ներկայիս իշխանություններին, որոնք առաջ ընդդիմություն էին, ապա հիմա հենց մի թթու խոսք ենք գրում, ով գիտի՝ հարձակվում են Ալենի վրա ու նրան մեղադրում «Հրապարակի» գրած «թարախ» հոդվածների մեջ։ Դե, հիմա, խեղճ Ալեն, արի ու էս ամենի տակից դուրս արի։ Արի բացատրի, որ այդ նույն «Հրապարակը» ժամանակին իրենց ակտիվորեն պաշտպանում էր ու էլ ավելի ակտիվ քլնգում Սերժին ու սերժականներին։ Դրա համար էլ այսօր Ալենը, ինչպես երևում է տեսանյութից, հայտնվում է անհարմար իրավիճակում՝ դե, հո չի՞ հաստատելու քաղաքացու անկեղծ մտադրությունը, որ պետք է ցած նետել իր զոքանչին, որն այսօր «պատուհաս» է դարձել իր ու իր թիմի գլխին։ 

 

 

Բայց ես լուծումը գտել եմ՝ փորձելով օգնել Ալենին։ Առաջարկում եմ Ալեն Սիմոնյանի զոքանչի հարցն էլ, Հրայրի հարցի նման, դնել հանրաքվեի։ Ի՞նչ վատ կլինի, թող հանրությունը որոշի՝ ուզո՞ւմ է, որ Ալենի զոքանչին «բալկոնից վայր նետենք», թե՞ չի ուզում։ Թող մի 3.5 միլիարդ էլ դրա վրա ծախսենք։ Էդ «չուժոյ» Հրայր Թովմասյանի վրա էդքան փող կծախսեք, որ իմանաք՝ պե՞տք է նա մնա ՍԴ նախագահի աթոռին, թե՞ ոչ, Արմինե Օհանյանի «հարցով» չե՞ք ծախսի։ Հատկապես, որ էդքան հարազատական կապեր ունի Արմինեն նոր իշխանությունների հետ՝ Նիկոլ Փաշինյանի երբեմնի գործընկերն է, միասին են երկար տարիներ աշխատել, պայքարել, իրար թև ու թիկունք եղել, կռիվ տվել նախկին «բիրտ ու թալանչի» իշխանությունների դեմ։ Այդ նույն Փաշինյանը նաև Արմինեի թոռնիկներից մեկի սիրելի քավորն է, և, ի վերջո, Արմինեն հեղափոխական թիմի ամենակարկառուն ներկայացուցիչներից Ալեն Սիմոնյանի հալալ-զուլալ զոքանչն է, ես կասեի՝ զոնքաջը։ Հիմա հարց՝ Արմինեն չկա՞ այդքան, որ նրան «բալկոնից վայր նետելու» հարցն էլ մի քանի միլիարդով դրվի հանրաքվեի։ Ի դեպ, որ այս հարցը դրվի հանրաքվեի, ես՝ որպես «Ալենի զոքանչի թերթի» աշխատակից, դեռևս չեմ կարող հստակ ասել՝ «Այո՞» կասեմ իմ խմբագրին «բալկոնից վայր նետելու» հարցին, թե՞ «Ոչ։ Նախնական կարող եմ ասել՝ «եսի՞մ»։

 

(Թեև դեռ հարց է՝ Ալենի՞ն, թե՞ Արմինեին ցած նետելու հարցն է պետք դնել հանրաքվեի):

 

Ի վերջո, ի՞նչ գիտենք, գուցե իսկապես ճ՞իշտ է նրան բալկոնից ցած նետելը, հատկապես, որ էլ ասող չի լինի ինձ՝ «հերիք է ստատուս գրես ֆեյսբուքում, նյութ գրի դրա փոխարեն» (հենա՝ գրում եմ)։ Կամ գուցե Հրայրից ազատվելու նման սա՞ էլ ռազմավարական նշանակության հարց է, որի համար ոչ մի բանի առջև չի կարելի կանգ առնել։ Գուցե երկիրը հենց դրանից հետո՞ միայն ոտքի կկանգնի, կաշխուժանա, անթիվ-անհամար ներդրումները կհոսեն, մարդիկ ավելի երջանիկ կդառնան։ Թեպետ՝ իմքայլականները հաստատ դրանից ավելի երջանիկ կզգան իրենց։ Ի վերջո, թող ժողովուրդը որոշի՝ Հայաստանը պե՞տք է ունենա ազատ մամուլ, ինչիպսին ժամանակին, երբ ընդդիմադիր էր, ղեկավարել է ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, թե՞ մեզ պետք է «Հայլուրի» Հայաստան։ Ընդ որում, TV5-ի «Հայլուրի» մասին չէ խոսքը, այլ Սերժի ու Ռոբերտի թվերի «Հայլուրի», որը հիմա էլ այլ անվան տակ, ի դեպ, շարունակում է գործել։ 



loading...