Միայն մի երկու բառ կարողացա կարդալ՝ գնալու եմ տղուդ գերեզմանին… ու տգեղ սպառնալիք էր. Սպանված զինվորի մորը տղայի նկարով նամակ են գրել


Միայն մի երկու բառ կարողացա կարդալ՝ գնալու եմ տղուդ գերեզմանին… ու տգեղ սպառնալիք էր. Սպանված զինվորի մորը տղայի նկարով նամակ են գրել
Փետրվար 20 23:47 2020

2018 թվականի մայիսի 4-ի գիշերը մարտական հենակետում մահացած 20-ամյա զինծառայող Արթուր Գասպարյանի մոր նկատմամբ անհայտ անձը դաժան արարք է թույլ տվել: Դրանից հետո կինը՝ Մարինե Գասպարյանը, կարծես, երկրորդ անգամ է վերապրել որդու մահը: Նա բացել է «Օդնոկլասնիկի» սոցցանցը և տեսել է, որ մեկը որդու նկարով էջ է բացել ու իրեն նամակ է գրել. «Բարև, մամ ջան, ո՞նց ես»: Տողերի տակ՝ համբույրի նշան:

 

Մայրը ցնցվել է և չի կարողացել նամակը կարդա մինչև վերջ: «Միայն մի երկու բառ կարողացա կարդալ՝ գնալու եմ տղուդ գերեզմանին… ու տգեղ սպառնալիք էր: Գոռացի, հեռախոսը ընկավ ձեռքիցս: Էդ ինչ կարգի են երեխուս ատել, երեխես էդ ի՞նչ ոսկոռ է եղել դրանց կոկորդին, որ երեխուս կյանքը կերան, պրծան ու էլի չեն հանգստանում: Նշանակում է, իրենց թիկունքին կա մեկը, որ իրենք վստահ են, որ չեն դատվելու ու նման արարք են անում», — ասում է վրդովված կինը:

 

Նա երկար չի կարողանում խոսել, առցունքները թափվում են: 

 

Սպառնալիքները սպանվածի մայրը ստացել է 2019 թվականի մարտի 31-ին: Մարինե Գասպարյանը հայտնել է քննիչներին: Նրան պատասխանել են, որ էջն արդեն ջնջված է, և իրենք չեն կարող բացահայտել, թե ով է եղել այն բացողը:

 

«Սոցցանցի միջոցով փորձել են սպառնալիքներ տալ մորը: Հիմնավոր կասկած ունենք, որ սպառնացողը մարդասպանն է, — Forrights.am-ին ասում է տուժողի իրավահաջորդի շահերը ներկայացնող փաստաբան Խանում Մկրտչյանը, —  Քննիչն ասում է, որ բավականին ժամանակ է, հարցում է ուղարկել «Օդնոկլասնիկի» ցանցի գլխամաս ու մինչ օրս պաատասխան չի ստացել»:

 

 Խանում Մկրտչյանը կարծում է, որ սպառնալիքները կապված են այն հանգամանքի հետ, որ Գասպարյանի մայրը՝ Մարինե Գասպարյանը, հաճախակի  է զանգում գործով զբաղվող քննիչներին, հետաքրքրվում է որդու սպանության բացահայտման ընթացքով:

 

«Ես միանշանակ համոզված եմ, որ կատարվածը սպանություն է, որի կատարողը մինչև հիմա չի հանգստացել ու հիմա էլ ուզում է վախեցնի Արթուրի մորը», — ասում է Խանում Մկրտչյանը:

 

Ինչպես հայտնի է, շարքային Արթուր Գասպարյանը հրազենային մահացու վիրավորում էր ստացել բերանի խոռոչում` երկու կրակոցից առաջացած:  Նախաքննական մարմինը հենց սկզբից գործը քննում էր ինքնասպանության հասցնելու հատկանիշներով՝ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածով:

 

«Սա չի նշանակում, որ ինքնասպանությունը հաստատված վարկած է` ավելի շուտ 50/50 է», — ասել էին քննիչերը Գասպարյանի հարազատներին:

 

Օրեր անց, այն բանից հետո, երբ Գասպարյանի ծնողները ի թիվս այլ զոհվածների ծնողների, հանդիպեցին ՀՀ վարչապետին,  Քննչական կոմիտեն հաղորդեց, որ մեղադրանք է առաջադրվել մարտական դիրքի ավագին՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մաս` Մարտական հերթապահության կանոնները խախտելու համար: ՔԿ-ն հաղորդեց, որ փաստեր կան շարքային Արթուր Գասպարյանին անպարկեշտ ձևով ստորացնելու վերաբերյալ:

 

Գործով համալիր փորձաքննությունը թերի էր կատարվել: Մահացածի հագուստի վրա պատռվածքներ կային, վնասվածքներ, սակայն հագուստի փորձաքննություն չէր արվել: Քննիչն արձանագրել էր, որ հենակետի 6 զինծառայողների մարմնի մասերից վերցված խծուծների վրա կրակոցներին արգասիքի հետքեր չեն հայտնաբերվել։ «Սակայն թվով 7 փորձագիտական եզրակացությունների համաձայն տվյալ հենակետի բոլոր զինվորների դեմքի և ձեռքերի վրա հայտաբերվել են պղնձի մետաղանման հետքեր, որոնք առաջանում են կրակոցից հետո: Սա նշանակում է, որ նրանք կրակոցի պահին դեպքի վայրում են եղել», — վստահեցնում է Խանում Մկրտչյանը:

 

Գործով ձերբակալված, կամ կալանավորված անձինք չկան: Զինվորների թվում, որոնց մասին նշում է փաստաբանը, դիրքի ավագ Բ.Ս.-ն և Ս. Դ-ն էին, որոնք, ըստ քննիչեների, դիտակետում հայտնաբերել են Արթուր Գասպարյանի դին: «Այսինքն, իրենք ականատես չեն, հետո են դին հայտնաբերել, բայց իրենց վրա բավականին մեծ քանակությամբ արգասիքներ են եղել»: Խանում Մկրտչյանը քննչական մարմնին 4 միջնորդություն է ներկայացրել մի շարք լրացուցիչ փորձաքննություններ նշանակելու վերաբերյալ,  որոնք հիմնավոր են համարվել և բավարարվել են:

 

«Մեզ ասում են՝ հիմքեր չունենք ձերբակալելու:  Ասեք, ում դիմենք, եթե դուք չեք կարողանում բացահայտել, մենք ում դիմենք: եթե իմ երեխու գործը չբացվեց, եթե էդ վեց հոգին, որոնք իմ երեխու կողքն են եղել, չդատվեցին, ես քննիչին դատի եմ տալու: Ընդամենը 6 հոգի են եղել: Միթե՞դուք էդ վեց հոգուց չեք կարողանում իմանալ,: Բա դուք էլ խի եք աշխատում: Իրենք ինձ դարձրեցին ատելությամբ ապրող մարդ: Ինձ հետաքրքիր չի, Նիկոլը կլինի, ով կլինի, Սահմանադրություն ա, ինչ ա, ինձ պետք է միայն, որ ինչ-որ մեկը կանգնի, ինձ պատասխան տա՝ խ՞ի իմ երեխուն սպանեցին», — ասում է Մարինե Գասպարյանը: 



loading...