Հասկացա, որ կա՛մ հրապարակային հայտարարություն պիտի անեմ, կա՛մ պիտի դառնամ «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնի» նախագահ. Նաիրա Զոհրաբյան


Հասկացա, որ կա՛մ հրապարակային հայտարարություն պիտի անեմ, կա՛մ պիտի դառնամ «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնի» նախագահ. Նաիրա Զոհրաբյան
Փետրվար 20 20:36 2020

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

 

««Վերջին օրերի կծման» թեմաներով

Շուրջօրյա ռեժիմով ես ստանում եմ վիդեոկադրեր եւ երկար տեքստեր այն մասին, որ թափառող շները այլեւս լուրջ վտանգ են բնակիչների համար ու դրա մեղավորը ես եմ, որ օրենքի ուժով արգելել եմ Կալաշնիկովը հանել եւ գնդակահարել կենդանուն։

Մի քանի հարյուր անգամ համբերատար բացատրելուց հետո, որ իմ հեղինակած օրենքը ագրեսիվ ու մարդկանց վրա հարձակվող շների հետ որեւէ կապ չունի, հասկացա, որ կա՛մ հրապարակային հայտարարություն պիտի անեմ, կա՛մ պիտի դառնամ «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնի» նախագահ։

 

Եւ ուրեմն, եւս մեկ անգամ լսեք սիրելիներս, հարազատներս, հարգարժաններս։ Քրեական օրենսգրքում մեր առաջարկած փոփոխությունը կարգավորում է կենդանուն դիտավորյալ, կրկնում եմ՝ դիտավորյալ, նորից եմ կրկնում՝ հատուկ դիտավորությամբ խեղելը, սպանելը քրեականացնելու հարցը։ Մեկ անգամ եւս ուշադրություն դարձրեք «դիտավորյալ» բառի վրա։ Այսինքն, որ ձեր դարակից Կալաշնիկովը հանեք ու հատուկ դիտավորությամբ կրակեք կենդանուն։ Վերջ։

 

Այլ «մեղք» այդ օրենքի կարգավորումը չունի։

 

Եւ ուրեմն, սիրելիներս ու հարազատներս, էդ նամակներն ու վիդեոսյուժեները պիտի ուղարկեք քաղաքապետին եւ քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Թափառող կենդանիների վնասազերծման» ՀՈՍԿ-ին, որի անմիջական, կրկնում եմ՝ անմիջական պարտավորությունն է հավաքել թափառող շներին, ստերջացնել , կամ՝ սրսկումով, մարդասիրական տարբերակով քնեցնել։

Ինչի համար եւ այդ կառույցը հսկայական գումարներ է ստանում։
Երեկ մեր ավագանիները անսպասելի այցելել են «Թափառող կենդանիների վնասազերծման» կենտրոն ու նմուշի համար մեկ շուն անգամ այնտեղ չի եղել։ Ու գիտե՞ք ինչ են ասել մեր ավագանիներին։ Բռնվեք՝ չընկնեք։ Ասել են թափառող շները հոտով ճանաչում են կենտրոնի աշխատակիցներին ու նրանց մոտենալուն պես անէանում եմ։
Եւ ուրեմն, սիրելիներս, հարազատներս ու հարգելիներս, եկեք միասին, ես էլ ձեզ հետ պայքարենք, որ քաղաքապետարանն ու նրան ենթակա կառույց, որի տնօրենը ստանում է 850 հազար դրամ աշխատավարձ, իրենց գործն անեն ու չփորձեն իրենց անգործությունը սվաղել՝ մեղադրելով օրենքին ու ինձ։
Չի ստացվելու»։