Հորս ձեռքը բռնած գնում էի Արցախի Մարտունու հրապարակ` ցույցերին մասնակցելու. ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան


Հորս ձեռքը բռնած գնում էի Արցախի Մարտունու հրապարակ` ցույցերին մասնակցելու. ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան
Փետրվար 20 20:07 2020

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է 1988-ի փետրվարի 20-ի հայ ժողովրդի որոշման մասին, պատմել այդ օրվա իր հիշողություններից:

«1988 թվականի փետրվարի 20-ին արցախցիները որոշում ընդունեցին «Դիմել Ադրբեջանական և Հայկական ԽՍՀ-ների Գերագույն խորհուրդներին որպեսզի նրանց միջնորդությամբ ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից Հայկական ԽՍՀ-ի կազմ վերադարձնելու պահանջով», որը պատմական որոշում էր ամբողջ հայ ժողովրդի համար:

Հաջորդող օրերին ես հորս ձեռքը բռնած գնում էի Արցախի Մարտունու հրապարակ (որտեղ Օպերայի շենքի կրկնօրինակը կա)` ցույցերին մասնակցելու: Դրանից հետո կյանքը խաթարվեց: Կրակոցներ, ռմբակոծություն, զոհեր…

Այդ որոշումը ծանր հետևանքներ ունեցավ, սակայն հայ ժողովուրդը համատեղ ուժերով ու պատվով կատարեց այդ որոշումից բխող բոլոր պարտավորությունները և հաղթանակած դուրս եկավ ստեղծված իրավիճակից:

 

Փառք բոլոր նրանց ովքեր խիզախություն են ունեցել այդ որոշմանը տեր կանգնելու ու մինչև վերջ պայքարելու: Հայ ժողովրդի հավաքական իմաստությունն Արցախյան պայքարում նոր բարձունքներ նվաճեց»,- գրել է նա:

 



loading...