Նոր օրենքի նախագծով պատրաստվում են հոգաբարձուների խորհուրդի ընդհանուր թիվը դարձնել 12, որոնցից միայն մեկը պետք է լինի ուսանող. ԵՊՀ ՈՒԽ նախագահ


Նոր օրենքի նախագծով պատրաստվում են հոգաբարձուների խորհուրդի ընդհանուր թիվը դարձնել 12, որոնցից միայն մեկը պետք է լինի ուսանող. ԵՊՀ ՈՒԽ նախագահ
Փետրվար 20 18:20 2020

Այսօր չեղարկվեց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը: ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանը  ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց, որ, երբ ուսանող անդամներով նախասրահում ցանկացել են  գրանցվել, նկատել են, որ Կառավարության կողմից ներկայացված 16 անդամներից 8-ը ներկա չեն նիստին: Իրենք էլ որոշեն են բոյկոտել նիստը:

 

Իրականում, այդ նիստը բոյկոտելու մեկ այլ առիթ նրանք ևս ունեցել են: «Բարձրագույն կրթության և գիտության» օրենքի նոր նախագծով՝  հոգաբարձուների խորհուրդներում ուսանողների քանակը սահմանափակվելու է, ինչին դեմ են խորհրդի անդամ ուսանողները:

«Ներկայումս ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը 32 անձից է բաղկացած, որից 8-ը ուսանողներ են, իսկ նոր օրենքի նախագծով պատրաստվում են ընդհանուր թիվը դարձնել 12, որոնցից միայն մեկը պետք է լինի ուսանող: Սա շատ մտահոգիչ է, որովհետև ուսանողները, ներգրավված լինելով այդ կազմում, հնարավորություն են ստանում բարձրաձայնել ուսանողների բողոքները, նաև ընդհանուր ԲՈՒՀ-ին վերաբերող առաջարկություներ, մտահոգություներ ներկայացնել»,- ասաց Ափոյանը:

 

Նա նշեց, որ Կառավարության անդամներն ամեն օր ԲՈՒՀ-ում չեն, չգիտեն ԲՈՒՀ-ի խնդիրները և շատ հարցեր քննարկում են ընդհանրական՝  կառավարության կամ իշխանության կամքը արտահայտելու համար:

 

«Կարծում եմ, որ նոր օրենքի նախագիծը ոչ թե պետք է ուսանողների թիվը կրճատի՝ պահպանելով Կառավարության ներկայացուցիչների թիվը, այլ գոնե ուսանողների թիվը այս աստիճան չկրճատի»,- սրտնեղեց Ափոյանը:

 

Նա ընդգծեց, որ նման որոշման համար որևէ հիմնավորում չկա, որը խիստ մտահոգիչ է և արժանի ուշադրության. «Իրավական փոփոխություն են անում, նոր օրենք հաստատում, բայց  որևէ հիմնավորում չկա, թե ինչու  ուսանողների թիվը պետք է կրճատվի՝ 8-ից դառնալով մեկ, իսկ Կառավարության ներկայացուցիչների ամբողջական քանակը պահպանվի»: 

 

Չկայացած նիստին անդրադարձել էր նաև ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ Սմբատ Գոգյանը. «Ինքս ունեմ շատ մեծ հակասություններ օրենքի նախագծի հետ, օրենքը գրելիս՝ աստիճանաշնորհման համակարգի բարեփոխման իմ պատկերացումները չեն քննարկվել, կախված մշակման փուլից՝ ԲՈԿ-ը մեկ կորչում, մեկ էլ հայտնվում է օրենքի նախագծում»:

Մեզ հետ զրույցում նա ասաց, որ աշխատանքային հարց է, որը կլուծվի. «Նախագիծը վերջնական կտեսնեմ ու պարզ կլինի, թե ինչ է հնարավոր անել: Այս պահին հստակ ոչինչ ասել չեմ կարող»: