Ադրբեջանը սկսել է ջնջել վրաց-ադրբեջանական սահմանին գտնվող Գարեջիի հետքերը և ադրբեջանական ենթակառուցվածքներ ստեղծել այնտեղ


Ադրբեջանը սկսել է ջնջել  վրաց-ադրբեջանական սահմանին գտնվող Գարեջիի հետքերը և ադրբեջանական ենթակառուցվածքներ ստեղծել այնտեղ
Փետրվար 20 17:37 2020

Վրաց ուղղափառ եկեղեցու հոգևորական Վիտալի Ղվինիաշվիլին հայտարարել է, որ Ադրբեջանը փոփոխություններ է անում վրաց-ադրբեջանական սահմանին գտնվող Դավիթ Գարեջի վանական համալիրում: Այս մասին տեղեկացնում է primetime.ge կայքը:

«Ադրբեջանը սկսել է ջնջել Գարեջիի հետքերը և ադրբեջանական ենթակառուցվածքներ ստեղծել այնտեղ»,- ասել է հոգևորականը` հրապարակելով մի քանի լուսանկար վանական համալիրի տարածքում ադրբեջանցիների կատարած աշխատանքներից:

«Եկեղեցին պետք է ահազանգեր այս մասին, և դա դեռ վաղուց պետք է արված լիներ: Գարեջին Վրաստան է»,-գրել է հոգևորականը:

Այսօր` փետրվարի 20-ին, ծրագրվում է վանականների այցը համալիր:

 

Հայր Վիտալին տեղյակ է պահել, որ իրենք մի քանի օրում համաժողովրդական քայլերթ կկազմակերպեն դեպի Դավիթ Գարեջի վանական համալիր:

 

Հիշեցնենք, որ Վրաստանի և Ադրբեջանի միջև սահմանային կոնֆլիկտ է ծագել Դավիթ Գարեջի վանական համալիրի պատճառով: