Ռազմիկ Աբրահամյանի մեղադրանքը խստացվել է. 5 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել․ «Հետք»


Ռազմիկ Աբրահամյանի մեղադրանքը խստացվել է. 5 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել․ «Հետք»
Փետրվար 20 17:08 2020

«Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի մեղադրանքը փոփոխվել և լրացվել է, նրան նոր մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, այսինքն՝ երեխային առանց ծնողների համաձայնության նրանցից բաժանելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից։ Այս մասին տեղեկությունը «Հետք»-ի հետ զրույցում հաստատել է Աբրահամյանի պաշտպան Հովհաննես Քոչարյանը։

 

Նախկինում, հիշեցնենք, Ռազմիկ Աբրահամյանը մեղադրվում էր  Քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի ոչ թե 3-րդ, այլ 2-րդ մասի 2-րդ կետով (ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը)։ Այսինքն՝ Աբրահամյանի մեղադրանքը խստացվել է։

Լրատվականի հետ զրույցում պաշտպանը նշել է, որ Քննչական կոմիտեն Աբրահամյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան, որը բավարարվել է, սակայն Աբրահամյանի նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց գրավ՝ 5 մլն դրամի չափով:

Հովհաննես Քոչարյանը ասել է, որ Ռազմիկ Աբրահամյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։