Պաշտպանության հանձնաժողովի նախագահի որդին կազատվի բանակից


Պաշտպանության հանձնաժողովի նախագահի որդին կազատվի բանակից
Փետրվար 20 08:42 2020

Այսօր՝ ժամը 14։00-ին, Տնտեսագիտական համալսարանի նիստերի դահլիճում Անդրանիկ Քոչարյանի 26-ամյա որդին՝ Լևոն Անդրանիկի Քոչարյանը, դիսերտացիա է պաշտպանելու՝ տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան ստանալու համար։ Դիսերտացիայի թեման է՝ «գյուղատնտեսության ապահովագրության համակարգի կատարելագործման ուղիները Հայաստանի Հանրապետությունում»։

 

Վստահ ենք, որ 26-ամյա գիտնականը հաջողությամբ պաշտպանելու է գիտական թեզը՝ անկախ այդ աշխատության որակից և Հայաստանի տնտեսության համար ունեցած արդյունավետության աստիճանից։ Մենք պատրաստվում ենք ներկա գտնվել ատենախոսության պաշտպանությանը, որպեսզի համոզվենք, որ այս գիտական թեզի բարեհաջող պաշտպանությունը պայմանավորված չէ նրա հոր կարգավիճակով։ Քոչարյանի թեկնածուականի գիտական ղեկավարն է Լիանա Գրիգորյանը։

 

Նշենք, որ եթե Քոչարյանը պաշտպանի թեկնածուական ատենախոսությունը, ապա հնարավոր է, որ ազատվի բանակից, քանի որ ասպիրանտուրայի համար տրամադրված 3 տարի տարկետման ժամկետի ընթացքում եթե պաշտպանում է թեկնածուականը, ապա ազատվում է բանակից։

Hraparak.am