«Մենք շատ մտերմիկ հարաբերություններ ունենք». Պուտինը պատմել է, որ Մեդվեդևի հետ նախապես քննարկել է կառավարության հրաժարականը


«Մենք շատ մտերմիկ հարաբերություններ ունենք». Պուտինը պատմել է, որ Մեդվեդևի հետ նախապես քննարկել է կառավարության հրաժարականը
Փետրվար 20 09:47 2020

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է, որ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ նախապես քննարկել է իր կառավարության հրաժարականը:

«Մենք Դմիտրի Անատոլևիչի հետ շատ մտերմիկ ու ընկերական հարաբերություններ ունենք. միմյանցից գաղտնիքներ չունենք: Այդ է պատճառը, որ այդ հարցը քննարկեցինք նրա հետ»,- հայտարարել է ՌԴ նախագահը՝ «20 հարց Վլադիմիր Պուտինին» նախագծի համար «ՏԱՍՍ»-ին տված հարցազրույցում: 

«Նախապես քննարկել ենք, և Մեդվեդևը տեղյակ էր՝ ինչ է կատարվում»,- ընդգծել է Պուտինը:

Նախագահը չի համաձայնել այն ձևակերպման հետ, որ կառավարության հրաժարականը աննախադեպ գործողություն էր, հրաժարվել է նաև հստակեցնել, թե բացի իրենից և Մեդվեդևից, ով է տեղյակ եղել իրենց ծրագրերի մասին և երբ է ընդունվել համապատասխան որոշումը:

Մեկնաբանելով իր զրուցակից, ՏԱՍՍ-ի լրագրողի խոսքերն առ այն, որ հունվարյան փոփոխությունները կառավարությունում շտապողականության զգացողություն են առաջացնում, Պուտինը հարցրել է. «Ի՞նչ իմաստ կա նման հարցեր տալու, դրանից ի՞նչ կփոխվի»:

«Լավ կլինե՞ր, եթե կառավարությունը հրաժարական տար, իսկ հետո կես տարի ձևավորվեր: Պատկերացնո՞ւմ եք, ինչ կկատարվեր երկրում»,- հավելել է նախագահը:

Նրա խոսքով՝ «Ռուսաստանը Բելգիան չէ, որ կարողանա մի ամբողջ տարի առանց կառավարության մնալ»:

Հիշեցնենք, որ հունվարի 15-ին Վլադիմիր Պուտինի` Դաշնային խորհրդի անդամներին ուղղված ելույթից հետո ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել էր, որ կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է ներկայացնում:

Tert.am