Արցախի ԱԺ լիազորությունները մայիսի 21-ին կդադարեն


Արցախի ԱԺ լիազորությունները մայիսի 21-ին կդադարեն
Փետրվար 19 18:31 2020

Արցախի ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը խորհրդարանի մշտական հանձնաժողովների ու խմբակցությունների ղեկավարների, աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ փետրվարի 19-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն:

 

Նա խոսել է խորհրդարանի առաջիկա աշխատանքների մասին: Անդրադարձել է նոր նստաշրջանի մեկնարկին և մարտի 31-ին սպասվող համապետական ընտրություններով պայմանավորված՝ խորհրդարանի հետագա ամիսների գործունեությանը:

 

ԱԺ նախագահի խոսքով՝ 6-րդ գումարման Ազգային ժողովը, ամենայն հավանականությամբ, նիստեր կգումարի փետրվար, ապրիլ և, ըստ անհրաժեշտության, նաև մայիս ամիսներին: ԱԺ 6-րդ գումարման Ազգային ժողովի լիազորությունները կդադարեն մայիսի 21-ին:

 

Անցնելով առաջիկա նիստի օրակարգում առաջադրված հարցերի քննարկմանը՝ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովիկ Ջիվանյանը, պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վիլեն Սաֆարյանը ու արտադրության և արտադրական ենթակառուցվածքների մշտական հանձնաժողովի նախագահ Արպատ Ավանեսյանը ներկայացրել են հանձնաժողովներում քննարկված նախագծերը և դրանց վերաբերյալ հանձնաժողովների տված եզրակացությունները:

 

Ամփոփելով խորհրդակցությունը՝ Աշոտ Ղուլյանը հայտարարել է, որ 11-րդ նստաշրջանի առաջին նիստը տեղի կունենա փետրվարի 20-ին՝ ժամը 11:00-ին: Նախատեսվում է նաև օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ընթացակարգ: