Մենք «Ոչ» չենք քվեարկի, որովհետև այն չի նպաստի անկախ ՍԴ ունենալուն․ ՔՈ


Մենք «Ոչ» չենք քվեարկի, որովհետև այն չի նպաստի անկախ ՍԴ ունենալուն․ ՔՈ
Փետրվար 19 18:11 2020

Մենք «Ոչ» չենք քվեարկի, որովհետև այն չի նպաստի անկախ ՍԴ ունենալուն, բայց «Այո»-ն արդյոք կնպաստի, հարց է, որի պատասխանի համար 45 օր ժամանակ ունենք։ Այս մասին այսօր՝ փետրվարի 19-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Քաղաքացու որոշում» կուսակցության մամուլի խոսնակ Միքայել Նահապետյանը:

 

«Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կարող է էական լինել անկախ Սահմանադրական դատարան ունենալու համատեքստում։ Մեզ համար ակնհայտ է և մեկ անգամ չէ, որ հայտարարել ենք, որ գործող ՍԴ-ն իր կազմով չունի բավարար վստահություն սահմանադրական արդարադատություն իրականացնելու համար, որովհետև այն գործառույթները, որոնց համար լիազորված է ՍԴ-ն, առնչվում է Հայաստանում ամենասուր, ամենացավոտ քաղաքական հարցերին, ընդհուպ ընտրական գործընթացներին։  Նման գործեր քննելու լիազորություն ունեցող մարմինը պետք է ունենա բավարար վստահության և հեղինակության աստիճան, իսկ իր անցած ուղով գործող Սահմանադրական դատարանը ոչ միայն չի վաստակել, այլ նաև հետևողականորեն մսխել է այդպիսի վստահության հնարավորությունը։ Մենք «Ոչ» չենք քվեարկի, որովհետև այն չի նպաստի անկախ ՍԴ ունենալուն, բայց «Այո»-ն արդյոք կնպաստի, հարց է, որի պատասխանի համար 45 օր ժամանակ ունենք»,-նշեց նա։

 

Նահապետյանն ասաց, որ իրենց ունեցած հարցերի վերաբերյալ նամակ են հղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությանը․

 

«Փոփոխելով ՍԴ կազմը, արդյոք մենք համաձայն ենք այն լիազորությունների լայն շրջանակի հետ, որ ունի ՍԴ-ն։ Ի՞նչ չափանիշներ են առաջադրվելու ՍԴ նոր դատավորների համար, որովհետև օրենքով սահմանված չափանիշները ցույց են տվել, որ դրանք լայն հնարավորություն են տվել կառավորող ուժին ձևավորել լոյալ, հպատակ Սահմանադրական դատարան։ Այս հարցերն են, որ մեզ հետաքրքրում են, և այս հարցերի շուրջ երաշխիքներ ունենալն է, որ կարող է մեզ համոզել այս փոփոխություններին «Այո» քվեարկել։ Մենք գտնում ենք, որ ուղիղ ժողովրդավարությունը՝ հանրաքվեն հարցերի լուծման լավ մեխանիզմ է։ Մեզ համար խնդիրը հանրաքվեի դրված հարցի նպատակայնություն է, եթե այն հետապնդում է նպատակ ունենալ լավ ՍԴ,եթե մենք համոզվենք, որ այս ճանապարհով կարելի է ունենալ լավ ՍԴ, իմաստ չի լինի չմասնակցել։ Բայց եթե չհամոզվենք, ինչ իմաստ ունի մտնել մի պրոցեսի մեջ, որի ելքը քեզ ձեռնտու չի։

 

Այս հարցերը մենք նամակով հղել ենք կառավարող ուժի՝ ՔՊԿ վարչությանը,․ «Այնտեղ 7 հարցեր են Հայաստանում Սահմանադրության, սահմանադրական լեգիտիմության, դատավորներին առաջադրվող չափանիշների, այլ երաշխիքների, ճգնաժամ առաջանալու պարագայում իրենց մոտեցումների վերաբերյալ»։ 

 

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանն էլ ասաց, որ հնարավոր է բոյկոտեն, եթե այն պատասխանները, որ ստանան, լինեն այնպիսին, որ իրենք վստահ լինեն, որ անկախ դատարան այդպիսով չի ձևավորվի։



loading...