ԱԱԾ-ն բացահայտվել է կաշառքի դիմաց ժամկետային զինվորական ծառայությունից տարկետում տալու հանցադեպ


ԱԱԾ-ն բացահայտվել է կաշառքի դիմաց ժամկետային զինվորական ծառայությունից տարկետում տալու հանցադեպ
Փետրվար 19 14:20 2020

Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) մամուլի կենտրոնը հայտնում է, որ բացահայտվել է 2019 թ. ձմեռային զորակոչի ընթացքում կաշառքի դիմաց ժամկետային զինվորական ծառայությունից տարկետում տալու հերթական առերևույթ հանցադեպը։

 

Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲ ընկերության վիրաբույժը 2019 թ. դեկտեմբերին պարտավորվել է ծանոթ պաշտոնատար անձանց միջոցով կազմակերպել զորակոչային տարիքի հասած երիտասարդի պարտադիր զինվորական ծառայությունից 3 տարով տարկետում ստանալու գործընթացը, որի համար վերջինիս մորից միջնորդավորված պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառքի գումարը՝ 10.000 ԱՄՆ դոլարը, այն փոխանցել է իրավասու պաշտոնատար անձին, որն էլ կարգավորել է զորակոչիկի պարտադիր զինվորական ծառայությունից 3 տարով տարկետում ստանալու հարցը։

 

Բավարար փաստական տվյալների ձեռք բերման արդյունքում կաշառք ստանալուն օժանդակող վիրաբույժը բերման է ենթարկվել, կաշառք տվող անձը և միջնորդն անհերքելի ապացույցների առկայության պարագայում խոստովանել են կաշառք տալու հանգամանքը։

Առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, կաշառք ստանալուն օժանդակողը ձերբակալվել է։

 

Նախաքննությունը շարունակվում է։

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։