Սերժ Սարգսյանի գործով առաջին դատական նիստը նշանակված է

Սերժ Սարգսյանի գործով առաջին դատական նիստը նշանակված է
Փետրվար 19 13:10 2020

Սերժ Սարգսյանի և մյուսների գործով առաջին դատական նիստը նշանակվել է փետրվարի 25-ին՝ ժամը 15:00-ին: Այդ մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

 

Հունվարի 29-ին գործով մեղադրական եզրակացությունը հաստատվել էր, և գործն ուղարկվել էր դատարան: Քրեական գործով մեղադրյալի կարգավիճակում է 5 անձ: Մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը կազմակերպել, դրդելը, օժանդակելը: 

 

Նշենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Միսակյանին, որը 2017-ից եղել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, իսկ 2019-ի վերջին նշանակվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։ 

 

Նշենք, որ քրգործով անցնում են նաև Գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը։ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրվելու մասին ՀՔԾ-ն հայտարարեց 2019 թվականի դեկտեմբերի 4-ին:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, նա իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականին կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ դրամի հափշտակության կատարումը: Նրան մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։

loading...