Վերաքննիչ դատարանը բավարարել է Արմեն Գևորգյանի պաշտպանի բողոքը և պարտավորեցրել է վերացնել նրա ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումը


Վերաքննիչ դատարանը բավարարել է Արմեն Գևորգյանի պաշտպանի բողոքը և պարտավորեցրել է վերացնել նրա ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումը
Փետրվար 18 14:51 2020

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր բավարարել է ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի շահերի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի բողոքը` վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցնելով վերացնել Գևորգյանի ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումը: Պաշտպանը դատարանի որոշման մասին գրել է Facebook–ի իր էջում։

«Ավելի վաղ՝ ես Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանս Արմեն Գևորգյանին ՀՀ սահմանը հատելը չթույլատրելու կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում էի ներկայացրել, որով խնդրել էի իրավական գնահատականի արժանացնել ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության գործողությունները, իսկ քրեական գործ հարուցելու առիթի օրինականության և հիմքերի բավարար լինելու դեպքում՝ հարուցել քրեական գործ:Սակայն ՀՀ գլխավոր դատախազությունը այնուհետև՝ նաև առաջին ատյանի դատարանը գտել էին, որ իմ կողմից ներկայացված հաղորդումը վերացական է և չի պարունակում կոնկրետ տվյալներ հանցագործության հատկանիշների մասին»,– գրել է նա:

Հիշեցնենք` Արմեն Գևորգյանին մեղադրանք էր առաջադրվել Մարտի 1-ի քրեական գործի շրջանակում։ Ինչպես լրագրողներին հայտնել էր ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, մեղադրանքը սահմանադրական կարգը տապալելու հոդվածով չէ, այլ արդարադատության իրականացումը խոչընդոտելու`ՀՀ քրեական օրենսգրքի 332 հոդվածի 3-րդ մասով: Ըստ Խաչատրյանի` 2008-ի նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկելու ժամանակ Գևորգյանը ճնշում է գործադրել Սահմանադրական դատարանի դատավորի վրա, որպեսզի նա որոշում կայացնի նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի օգտին։ Այս մեղադրանքի հետ կապված Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։