Վաչագան Ղազարյանի ու նրա կնոջ դեմ քրգործը կարճվել է. 2.837 մլրդ դրամ վերադարձվել է պետբյուջե


Վաչագան Ղազարյանի ու նրա կնոջ դեմ քրգործը կարճվել է. 2.837 մլրդ դրամ վերադարձվել է պետբյուջե
Փետրվար 18 12:27 2020

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանն ու նրա կինը՝ Ռուզաննա Բեգլարյանը, ամբողջությամբ հատուցել են պետությանը պատճառված վնասը և ազատվել քրեական պատասխանատվությունից, PanARMENIAN.Net ին ասացին Հատուկ քննչական ծառայության լրատվականում:

Ղազարյանի և կնոջ դեմ քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով։

Ըստ ՀՔԾ-ի՝ Ղազարյանն ու նրա կինը կազմակերպել են, որ իրենց հետ առնչվող 7 ՍՊԸ-ն չվճարեն խոշոր և առանձնապես խոշոր չափերի հարկերը, այդ գործընթացքում ներգրավելով տարբեր անձանց:

Հիմնավորվել է Ղազարյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 38-205-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, իսկ Բեգլարյանի կողմից` 38-205-րդ հոդվածի 2-րդ և 205-րդ հոդվածի 1-ին մասերով նախատեսված հանցավոր արարքների կատարումը, (Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը, արարքները պատժվում են տուգանքով, կամ ազատազրկմամբ 2-10 տարի), ինչպես նաև 6 այլ անձի կողմից նշված հոդվածներով հանցավոր արարքների կատարման հանգամանքը։

Նախաքննության ընթացքում Ղազարյանն ու Բեգլարյանը պետական բյուջե են փոխանցել չվճարված հարկերի գումարն ամբողջությամբ` ընդհանուր 2.837 մլրդ դրամի` այդպիսով ամբողջությամբ հատուցելով հանցագործությամբ պետությանը պատճառված վնասը։

Նկատի ունենալով, որ ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` նույն օրենսգրքի 205-րդ հոդվածով նախատեսված արարքները կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հատուցում է հանցագործությամբ պատճառված վնասը և հաշվարկված տույժերն ու տուգանքները, քննիչը որոշել է Ղազարյանին, Բեգլարյանին և մյուսներին ազատել քրեական պատասխանատվությունից և քրգործով վարույթը կարճել:

Քրգործով Վաչագան Ղազարյանին 2018-ի հունիսի 27-ին մեղադրանք էր առաջադրվել բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու և ապօրինի հարստանալու գործով: Ղազարյանի` Տերյանի բնակարանում ԱԱԾ-ն հայտնաբերել էր 35 մլն դրամ, $1.1 մլն, 230,500 եվրո։ 2018-ի հունիսի 25-ին Ղազարյանն իր հաշվեհամաներից խոշոր գումար էր կանխիկացրել, որից անմիջապես հետո բերման էր ենթարկվել Ազգային անվտանգության ծառայություն։



loading...