Ես ՀՀ առաջին ղեկավարն եմ, ով ասում է՝ Ղարաբաղի հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի համար. վարչապետ


Ես ՀՀ առաջին ղեկավարն եմ, ով ասում է՝ Ղարաբաղի հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի համար. վարչապետ
Փետրվար 14 12:19 2020

Լեռնային Ղարաբաղի խնդիրը համար 1 հարցն է Հայաստանի անվտանգության համար: Այս մասին հայտնել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուս լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Խոսելով ղարաբաղյան հարցի մասին՝ Փաշինյանը նշել է, որ ԼՂ հակամարտության յուրաքանչյուր լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովրդների համար։

«Ի դեպ, ես Հայաստանի առաջին առաջնորդն եմ, ով հայտարարում է, որ ԼՂ հարցի լուծումը պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի համար։ Դրա համար Հայաստանում ինձ քիչ չեն քննադատել՝ ասելով, թե ինչո՞ւ պետք է Հայաստանի առաջնորդը մտահոգվի կամ մտածի Ադրբեջանի ժողովրդի շահերի մասին։ Բայց ես վստահ եմ, որ եթե մենք խոսում ենք հակամարտության կարգավորման մասին, այլ ոչ թե կողմերից մեկի հաղթանակի կամ պարտության մասին, եթե մենք ցանկանում ենք երկարատև խաղաղություն և կայունություն, ապա մենք պետք է գտնենք այնպիսի լուծում, որն ընդունելի կլինի Հայաստանի, ԼՂ-ի և Ադրբեջանի ժողովուրդների համար»,-ասել է Փաշինյանը, հույս հայտնելով, որ որ Ադրբեջանի նախագահը նույնպես կանի նման հայտարարություն։

Անդրադառնալով հարցին, թե Արցախի նախկին ղեկավարներ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հետագա ճակատագիրը կարող է ազդեցություն ունենալ ԼՂ-ի վրա, ԼՂ-ի և ՀՀ վարչապետի հարաբերությունների վրա՝ Փաշինյանն նշել է, որ դա հնարավոր չէ: «Օրինակ, այժմ բնապահպանության նախկին նախարարը հետախուզման մեջ է, դա կարո՞ղ է ազդել Հայաստանի բնության նկատմամբ իմ վերաբերմունքի վրա, կամ ֆինանսների նախկին նախարարն այժմ բանտում է, դա կարո՞ղ է որևէ կերպ ազդել Հայաստանի ֆինանսների նկատմամբ իմ վերաբերմունքի վրա»,- հարցրել է վարչապետը։