Ձեր արած այս հայտարարությունն լրիվ սուտ է. հերքման մեր պահանջը չկատարելու դեպքում դիմելու ենք դատարան. ՀԲՃ-ն՝ նախարարին

Ձեր արած այս հայտարարությունն լրիվ սուտ է. հերքման մեր պահանջը չկատարելու դեպքում դիմելու ենք դատարան. ՀԲՃ-ն՝ նախարարին
Փետրվար 14 11:08 2020

Հայկական բնապահպանական ճակատ կամավորական նախաձեռնությունը փետրվարի 13-ին,  հերքման պահանջ է ուղարկել ՀՀ շրջակա միջավայրի նախարար  Էրիկ Գրիգորյանին:

Ստորեւ ներկայացնում են պահանջի բովանդակությունը.

«2020թ. փետրվարի 12-ին Ազգային Ժողովում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Հրանտ Այվազյանը ՀԷԿ-երի վերաբերյալ բարձրացրած իր հարցի շրջանակում ասաց. «Փետրվարի 3-ին Նախարարության կայքում հայտարարություն էր տեղադրված, որ պետք է տեղի ունենա քննարկում Լոռու մարզի Ձորագետ գետի վրա կառուցվելիք երկու ՀԷԿ-երի մասին: [...] Եթե Բնապահպանական ճակատի եւ մի քանի երիտասարդների ակտիվությունն ու էդ ինֆորմացիայի տարածումը չլիներ, ոչ ոք չէր իմանա, այդ թվում ես, ու չէին մասնակցի այդ քննարկմանը»:

Պատգամավորի հարցին պատասխանելով՝ Դուք բառացի ասել եք, որ «... այդ տեքստը, որ Դուք այսօր կարդացիք, որը նաեւ երեկ էիք ներկայացնում, այդ տեքստը գրողները 4 տարի առաջ էլի էդ ձեւ տեքստ էին գրում, որ` նայեք, ՀԷԿ-երը եւ այլն, եւ այլն, հետո ստացան 70.000 դոլար դրամաշնորհ եւ հետո առաջարկեցին, որ ՀԷԿ-երի կառուցման համար բանկերը ինչ-որ մոտեցումներ ցուցաբերեն»:

Ձեր արած այս հայտարարությունն ամբողջությամբ սուտ է եւ չի համապատասխանում իրականությանը: Պահանջում ենք հերքել այն գրավոր՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում Ձեր ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրառում կատարելով, ինչպես նաեւ բանավոր՝ ԱԺ-ում Ձեր առաջիկա ելույթի ժամանակ: Այս պահանջը չկատարելու դեպքում դիմելու ենք դատարան՝ պահանջելով հերքում եւ վնասի փոխհատուցում զրպարտության եւ մեր նախաձեռնության բարի համբավի արատավորման համար»:

Պարզաբանում․ նախարարի պատասխանում նշված փաստերն ինքնըստինքյան վերաբերելի են դառնում մեզ, քանի որ այս հարցուպատասխանի ընթացքում հնչել է միայն մեր նախաձեռնության անունը, եւ դիտողները բնականաբար այդպես էլ ընկալելու են»:

loading...