Փաշինյանն իր գերմանական հարցուպատասխանում որպես հաստատված փաստ ներկայացնում է ակնհայտ սուտ տեղեկություններ. Արսեն Բաբայան


Փաշինյանն իր գերմանական հարցուպատասխանում որպես հաստատված փաստ ներկայացնում է ակնհայտ սուտ տեղեկություններ. Արսեն Բաբայան
Փետրվար 14 00:05 2020

Իրավապաշտպան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով այսօր աշխատանքային այցող Գերմանիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Տևական համագործակցություն նոր նախանշանների ներքո. Հայաստան-Գերմանիա հարաբերություններ» խորագրով քննարկման ընթացքում վարչապետի հնչեցրած մտքերին: Նա մասնավորապես նշել է, որ Փաշինյանն այս անգամ էլ Գերմանիայում խախտեց իր անմեղության կանխավարկածը՝ իրեն վերաբերվող քրեական գործից ներկայացնելով սուտ տեղեկություններ: Գրառման մեջ նա ասել է նաև, որ առաջիկա օրերին պլանավորում է իրեն վերաբերվող քրեական գործի առնչությամբ հրավիրել երկրորդ մամուլի ասուլիսը: Գրառումն ամբողջությամբ՝ստորև.

«Վարչապետ Փաշինյանն այս անգամ էլ Գերմանիայում խախտեց իմ անմեղության կանխավարկածը՝ ինձ վերաբերվող քրեական գործից ներկայացնելով ակնհայտ #ՍՈՒՏ տեղեկություններ:

 

Այսպես, վարչապետ Փաշինյանն իր գերմանական հարցուպատասխանում որպես հաստատված փաստ ներկայացնում է ակնհայտ սուտ տեղեկություններ,

#ՍՈՒՏ 1․ Փաշինյանը հայտնում է, թե իբր Գագիկ Հարությունյանն իր հրաժարականի դիմումը գրել է մարտի 5-ին։

 

Այնինչ քրեական գործի նյութերով հաստատվել է, որ հրաժարականի դիմումը ստորագրել է մարտի 1-ին:

 

#ՍՈՒՏ 2․ Իբր Գագիկ Հարությունյանի հրաժարականն արձանագրվել է ավելի շուտ, մարտի 2-ին։ Սա, իբր, արվել է այն բանի համար, իբր՝ եթե այն արձանագրվեր մարտի 5-ին, ապա հնարավոր չէր լինի գործող Սահմանադրությամբ ընտրել ՍԴ նախագահ, որը կպաշտոնավարեր 18 տարի ժամկետով։

 

Այնինչ՝ քրեական գործի նյութերով հաստատվել է, որ գործընթացն ԱԺ-ում իրականացվել է հենց գործող Սահմանադրությանը և օրենսդրությանը համապատասխան, այն է՝ ամբողջ գործընթացները կազմակերպվել են այնպես, որն իբր գործող օրենդրության շրջանցելու փորձ է արվել։

 

Ուստի՝ «մարտի 2 - մարտի 5» համառորեն առաջ տարվող տեսությունը ոչ միայն իրականությանը չի համապատասխանում, այլ նաև անտրամաբանական է ու հակաբանական։

 

#ՍՈՒՏ 3․ Սահմանադրական դատարանի օկուպացիա ասելով հենց սա նկատի ունեմ։

 

Այնինչ երկու օր առաջ գլխավոր դատախազությունը վերադարձնելով քրեական գործը քննիչին ևս մեկ անգամ հաստատել է, որ օկուպացիա (իշխանության յուրացում) տեղի չի ունեցել։

 

#ՍՈՒՏ 4․ Իբր Գագիկ Հարությունյանը հրաժարական է տվել ինչ-որ սխեմայում դեր ունենալու համար...

 

Այնինչ` քրեական գործով ապացուցված է, որ Գագիկ Հարությունյանը հրաժարական տվել է միայն մեկ պատճառով` հավակնել է ԲԴԽ նախագահի պաշտոնին, որը կազմավորվում էր հենց այդ ժամանակ։

 

Այսպիսով արդեն անհանդուրժելի են դառնում գործադիր իշխանության ղեկավար Փաշինյանի կողմից տարածվող #ՍՏԵՐԸ, որոնք արդեն նա հասցրել է Գերմանիա։ Դրանք պետք է հերքվեն հենց անձամբ Փաշինյանի կողմից, որի առնչությամբ պլանավորում եմ սկսել իրավական գործընթաց։

 

Լրագրողներին տեղեկացնում եմ, որ առաջիկա օրերին, հաշվի առնելով նաև դատախազության հայտարարությունը, պլանավորում եմ ինձ վերաբերվող քրեական գործի առնչությամբ հրավիրել երկրորդ մամուլի ասուլիսը»:

 

Նշենք, որ վերոնշյալ հանդիպման ժամանակ քննարկման մասնակիցներից մեկը վարչապետին ասաց, որ ներկայումս ՍԴ-ի շուրջ ծավալվող քննարկումների և խնդիրների վերաբերյալ պատրաստ են իրենց օգնությունն առաջարկել, որին ի պատասխան՝ Փաշինյանը դիտարկեց, որ ՍԴ-ում օկուպացիա է եղել 2018 թվականի մարտ ամսին:

 

«Ուզում եմ ներկայացնել, թե ինչպես է ՍԴ-ի օկուպացիան տեղի ունեցել։ 2018 թվականի ապրիլի 9-ից ամբողջությամբ ուժի մեջ է մտել այս Սահմանադրությունը, որը մեզ պետք է հանգեցներ ՍԴ-ի այն նոր մոդելին, որի մասին ասացի, բայց այդ ապրիլի 9-ից ընդամենը 19 օր առաջ, նախորդ խորհրդարանական մեծամասնությունն իրականացրել է ՍԴ նախագահի ընտրություններ և դա իրականացրել է մի նպատակով, որպեսզի ՍԴ-ի նախագահն իրենց կուսակցության անդամ լինի, պաշտոնավարի ոչ թե 6 տարի, ինչպես այսօրվա Սահմանադրությամբէ սահմանված, այլ 18 տարի»,- ասաց վարչապետը։

 

Ըստ նրա՝ սա հնարավոր է դարձել մի գործողության արդյունքում. ՍԴ-ի նախկին նախագահը հրաժարական է ներկայացրել իր պաշտոնավարման ավարտին 25 օր առաջ, որպեսզի հնարավոր դառնա նախկին խորհրդարանական անդամներից մեկին ընտրել ՍԴ նախագահ, խորհրդարանի կողմից, որը այս պարագայում ի հեճուկս գործող Սահմանադրությամբ պաշտոնավարի 18 տարի։

 

«Բայց կա ևս մեկ կարևոր հանգամանք. ՍԴ նախկին նախագահը հրաժարական է տվել 2018 թվականի մարտի 5-ին, բայց նրա հրաժարականը արձանագրվել է 2018 թվականի մարտի 2-ին։ Սա արվել է մի բանի պատճառով․ եթե հրաժարականը արձանագրվեր մարտի 5-ին, նախկին խորհրադարանական մեծամասնության ներկայացուցչի ընտրությունը ՍԴ նախագահի կարգավիճակում 18 տարի ժամկետով հնարավոր չէր լինի, որովհետև այդ մի քանի օրը կարևոր էին, որպեսզի այդ ընտրությունը տեղի ունենար մինչև նոր Սահմանադրության ուժի մեջ մտնելը»,- ասել է Փաշինյանը: