Սկանդալային մանրամասներ Շենթագավիթի մանկապարտեզների գործից. ծխախոտի կրակայրիչով սննդի թվեր են ջնջել


Սկանդալային մանրամասներ Շենթագավիթի մանկապարտեզների գործից. ծխախոտի կրակայրիչով սննդի թվեր են ջնջել
Փետրվար 13 23:58 2020

Արդեն մեկ շաբաթ է ակտիվ քննարկվում է, թե ինչու է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանն իր ենթակայության տակ գտնվող 21 մանկապարտեզների տնօրեններին սննդի մատյաններով հանդերձ հրավիրել վարչական շրջանի շենք ու ոստիկաններ կանչել, որոնք առգրավել են այդ մատյանները։ Տեղեկություններ կան, որ մանկապարտեզի տնօրենները վեց ժամ շարունակ մնացել են թաղապետարանի շենքում: Փետրվարի 11-ին այս թեմայի քննարկումները լրատվամիջոցներից եւ համացանցից տեղափոխվեց Երեւանի ավագանու նիստ: 

 

ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանի  կարծիքով, դա ստորացման ակտ է, խախտվել է մարդկանց անմեղության կանխավարկածը։ Առաքելյանն ասաց, որ չարաշահում կատարած անձինք օրենքով պետք է պատժվեն, բայց, նրա խոսքով, իրավական առավել լուրջ գործիքներ պետք է կիրառվեն:

 

Վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանն ասաց, որ հանդիպումը նախապես ծրագրված է եղել։ Իսկ թե ինչու են ոստիկաններ եկել, Մկրտչյանը խորհուրդ տվեց պատասխանները ստանալ ոստիկանությունից։ Սակայն, մինչ ավագանու նիստին մտնելը լրագրողների հետ զրույցում ասել է, որ ինքն է կանչել ոստիկանններին:

 

Այս թեմայի շուրջ  ArmDay.am-ին սկանդալային մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, Շենգավիթի թաղապետարանում տեղեկություն են ստացել, որ որոշ մանկապարտեզներում հատուկ գրիչներ ունեն, որոնցով սննդի մատյաններում գրառումներ են արել, իսկ հետո ջնջել: Մեզ նաև ասեցին, որ ջնջելու գործընթացը իրականացրել են ծխախոտի համար նախատեսված սովորական կրակայրիչներով: 

 

Գործընթացը կատարվել է հետևյալ կերպ. սննդի համար նախատեսված մատյանում գրել են, որ օրինակ օրվա ճաշի համար պահեստից հանել են 20 կգ կարտոֆիլ, իսկ պահեստում մնացել է 40 կգ: Այնուհետ, երբ ստուգողները եկել են, մատյանները ստուգել ու գնացել, մանկապարտեզներում կրակայրիչով գրառումների վրայով տանել-բերելով ջնջել են թվերը եւ ներկայացրել այնպես, որ թե իբր պահեստից ավելի շատ սննդամթերք է հանվել: Թե ինչ է եղել սննդամթերքի հետ թաղապետարանի մեր աղբյուրը որեւէ տեղեկություն չուներ: 

 

Այս նկարագրվածը թաղապետարանի աշխատակազմի կասկածներն է, որոնք դեռ պետք է հաստատվեն ոստիկանների կողմից: