Սիրիացի ժողովուրդն առաջիններից էր, որ օգնության ձեռք մեկնեց ցեղասպանության զոհերին. ԱԳՆ


Սիրիացի ժողովուրդն առաջիններից էր, որ օգնության ձեռք մեկնեց ցեղասպանության զոհերին. ԱԳՆ
Փետրվար 13 22:16 2020

Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական Ժողովի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման վերաբերյալ բանաձևը վառ վկայությունն է հայ և սիրիացի ժողովուրդների դարավոր բարեկամության և փոխադարձ համակրանքի։ Այն ծանրակշիռ ավանդ է պատմական արդարության վերականգնման և ցեղասպանությունների կանխարգելման գործում, նշված է ՀՀ ԱԳՆ-ի՝ Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական Ժողովի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման վերաբերյալ բանաձևի առնչությամբ տարածած հայտարարության մեջ: 

 

«Բարձր ենք գնահատում Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական Ժողովի՝ Օսմանյան Պետության կողմից իրականացված հայ ժողովրդի ցեղասպանության ճանաչման և դատապարտման վերաբերյալ բանաձևի ընդունումը:

 

Երիտթուրքական կառավարության կողմից սանձազերծված ցեղասպանությունը, որի մի զգալի հատվածն իրականցվել է այն ժամանակ Օսմանյան կայսրության տիրապետության ներքո գտնվող Սիրիայի տարածքում, հայ և սիրիացի ժողովուրդների ընդհանուր պատմական հիշողության մասն է կազմում։

 

Սիրիացի   ժողովուրդն ականատեսը լինելով հայ ժողովրդի նկատմամբ իրականացված եղեռնագործությանը՝ առաջիններից էր, որ օգնության ձեռք մեկնեց ցեղասպանության զոհերին: Հազարավոր վերապրածներ Սիրիայում վերգտան իրենց նոր հայրենիքը՝ կազմավորելով հայ ամենածաղկուն համայքներից մեկը և իրենց ներդրումն ունեցան Սիրիայի զարգացման գործում:

 

Այս բանաձևը վառ վկայությունն է հայ և սիրիացի ժողովուրդների դարավոր բարեկամության և փոխադարձ համակրանքի։ Այն ծանրակշիռ ավանդ է պատմական արդարության վերականգնման և ցեղասպանությունների կանխարգելման գործում:

 

Այսօր, երբ դժվարին փորձությունների միջով է անցնում Սիրիայի ժողովուրդը, մենք մեր համերաշխությունը և զորակցությունն ենք հայտնում առկա մարտահրավերների հաղթահարման  գործում»,- ասվում է հաղորդագրության մեջ։