Թիվ 63 երթուղու ավտոբուսում գողություն է կատարվել


Թիվ 63 երթուղու ավտոբուսում գողություն է կատարվել
Փետրվար 13 21:55 2020

Փետրվարի 12-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի աշխատակիցների մասնագիտական հմտության շնորհիվ գրպանահատության երկու դեպք բացահայտվեց: Առաջին դեպքը ոստիկանության Կենտրոնական բաժնում գրանցվել էր փետրվարի 5-ին: Մի կին հաղորդում էր տվել, որ ժամը 13-ի սահմաններում Մաշտոցի պողոտայում նկատել է, որ պայուսակից գողացել են բջջային հեռախոսը:

Օպերատիվ խումբը որոնողական աշխատանքներ սկսեց: Նրանց միացան ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, որոնց հետևողական աշխատանքի շնորհիվ օրեր անց տեղեկություններ ստացվեցին, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Մարտունի քաղաքի 38-ամյա մի բնակիչ:

 

Փետրվարի 12-ին կասկածվողը Տիգրան Մեծի պողոտայից բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին և տվեց խոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

 

Մյուս դեպքը դարձյալ Կենտրոն վարչական տարածքում էր եղել: Փետրվարի 12-ին, ժամը 17.30-ի սահմաններում, թիվ 63 երթուղու ավտոբուսում մի կնոջ պայուսակից գողացել էին դրամապանակը, որի մեջ եղել էր փող ու բանկային քարտեր: Մասնագիտացված ստորաբաժանման պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ նույն օրը գողությունը բացահայտվեց:

Գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Ամիրյան-Զաքիյան փողոցների խաչմերուկից ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկեցին Շահումյան փողոցի 25-ամյա մի բնակչի:

 

Նա տվել է խոստովանական բացատրություն և ներկայացրել գողոնը:

Նշված դեպքերով նախապատրաստվում են նյութեր: