Հրատարակվեց «Թքել ենք բոլորս. Հույսը չկորցնելու նուրբ արվեստը» գիրքը (տեսանյութ)


Հրատարակվեց «Թքել ենք բոլորս. Հույսը չկորցնելու նուրբ արվեստը» գիրքը (տեսանյութ)
Փետրվար 13 21:04 2020

Newmag-ը ներկայացնում է 2020-ի նոր հիթը՝ համաշխարհային բեսթսելեր, որն ապահովել է վաճառքի միլիոնավոր օրինակներ: Աշխարհը ցնցած «Թքած ունենալու նուրբ արվեստից» հետո հերթը «հույս ունենալունն» է: Մարկ Մենսոնը ներկայանում է նոր ուղեցույցով՝ «Թքել ենք բոլորս. Հույսը չկորցնելու նուրբ արվեստը» գրքով:  Հեղինակը շարունակում է բացահայտել մարդկային երջանկության ու բարեկեցության ամենաանսպասելի ճանապարհները:  Իրեն բնորոշ ոճով՝ սրամտությամբ ու «սատանան գիտի՝ ո՛ր սև քարի տակից ծլած» հումորի շնորհիվ՝ Մարկ Մենսոնն օգնում է գտնել ճիշտ ուղին և դրդում ավելի անկեղծ լինել ինքներս մեզ հետ ու չկորցնել աշխարհի հետ կապը:

 

Այս գիրքը նա գրել է 2 տարում, հետազոտություններ է արել ավելի քան 18 ամիս, 3 անգամ սկսել է նորից, 530 էջը դարձրել 250, փոխել 47 վերնագիր, տեքստը 6 անգամ վերախմբագրել 3 տարբեր խմբագիրների հետ:

 

«Թքել ենք բոլորս» գիրքը թարգմանել են «Արմքոմեդիի» հաղորդավարներ Նարեկ Մարգարյանն ու Սերգեյ Սարգսյանը: 

«Նույնիսկ նացիստական կոնցլագերներում, երբ թվում է՝ ամեն ինչ կործանված է, կա մի հույս, և հենց այդ հույսն է հրաշքներ գործում»,- ասաց Սերգեյ Սարգսյանը:

 

Իսկ Նարեկ Մարգարյանը, որպես ֆավորիտ, առանձնացրեց գրքի երկրորդ մասը և հավելեց, որ «Թքել ենք բոլորս» գրքում շոշափվում են ավելի հետաքրքիր թեմաներ:

 

Մարկ Մենսոնին հաջողվել է գիտության, փիլիսոփայության ու սուր մտքի շնորհիվ բացատրել, թե ինչ է իրենից ներկայացնում այս խենթ աշխարհը: Նրա սուր հայացքները կարդալու ամբողջ ընթացքում կստիպեն ժպտալ:

 

Մենսոնը շարունակում է բացահայտել մարդկային երջանկության ու բարեկեցության ամենաանսպասելի ճանապարհները: Այս գիրքը գիտի, թե ուր է գնում աշխարհը և ինչպես պետք է ինքդ քո մասին հոգ տանես մինչև այնտեղ հասնելը: Գիրքը խմբագրել է Գնել Նալբանդյանը, որը նշեց՝ թարգմանելիս հնարավորինս պահպանվել է հեղինակի ոճը:

 

«Երկու գրքում էլ ամերիկյան սլենգային տեքստը շատ էր: Շատ դժվար էր թարգմանելը՝ պահպանելով  ընդհանուր համն ու հոտը: Գրքում ընթերցողը կարող է գտնել այնպիսի ուղենիշներ, որոնք կօգնեն ազատվել բազմաթիվ բարդույթներից և կարծրատիպերից: Մենսոնը կարծրատիպ կոտրող հեղինակ է»,- նշեց Գնել Նալբանդյանը:

 

Քայլ առ քայլ, թե ինչպես հաղթահարել դեպրեսիան. Մենսոնը 3 գլխում զետեղել է գրեթե բոլոր հոգեբանական հետազոտությունները: Սա գիրք-կողմնացույց է՝ ամեն րոպե կերպափոխվող աշխարհում ճիշտ ճանապարհը գտնելու համար:

 

Գիրքը վաճառվում է բոլոր գրախանութներում: Գինը՝ 4800 դրամ: Գիրքը վաճառվում է նաև առցանց: Պատվիրելու համար պետք է այցելել books.newmag.am կայքը:

Տեսանյութը՝ Tert.am-ի