Վահե Գրիգորյանը մեկնել է գործուղումների՝ սեփական նախաձեռնությամբ՝ խախտելով Սահմանադրական դատարանի աշխատակարգը

Վահե Գրիգորյանը մեկնել է գործուղումների՝ սեփական նախաձեռնությամբ՝ խախտելով Սահմանադրական դատարանի աշխատակարգը
Փետրվար 13 18:27 2020

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանին մակագրված 6 գործով Սահմանադրական դատարանը չի կարողացել աշխատակարգային որոշումներ կայացնել, քանի որ Վ.Գրիգորյանը դրսեւորել է անգործություն ու չի կատարել իր գործառույթները։ Փոխարենը՝ Վահե Գրիգորյանը մեկնել է գործուղումների՝ սեփական նախաձեռնությամբ՝ խախտելով Սահմանադրական դատարանի աշխատակարգը։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնի է դարձել գրավոր հարցմանն ի պատասխան Սահմանադրական դատարանից տրամադրված տեղեկատվությունից։

Այսպես՝ «Փաստինֆո»-ն գրավոր հարցում էր ուղարկել ՍԴ՝ պարզելու, թե Վահե Գրիգորյանի կողմից երդման արարողությամբ ՍԴ դատավորի գործառույթներն ստանձնելու պահից՝ 2019թ. հունիսի 20-ից մինչեւ 2020թ փետրվարի 1-ը ՍԴ քանի նիստ եւ քանի՞ աշխատակարգային նիստ է տեղի ունեցել եւ այդ նիստերից քանիսի՞ն չի մասնակցել ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը եւ ինչ պատճառաբանությամբ։ Եւ բացակայություններից քանիսն են հարգելի։

 

Ըստ այդմ՝ ՍԴ-ից հայտնեցին, որ տեղի են ունեցել դատական կազմի նիստեր, 41 աշխատակարգային նիստ, 39 ՍԴ նիստ, որոնցից որեւէ մեկին Գրիգորյանը չի մասնակցել։ « Լիազորություններն ստանձնելու պահից մինչեւ սույն թվականի փետրվար ամիսը Վահե Գրիգորյանիը չի իրականացրել որպես ՍԴ դատավոր իրեն վերապահված որեւէ գործառույթ, այդ թվում՝ չի մասնակցել որեւէ նիստի (դատական կազմի նիստեր, 41 աշխատակարգային նիստ, Սահմանադրական դատարանի 39 նիստ) չի մասնակցել ՍԴ ներկայացված դիմումների՝ քննության ընդունելու հարցի պարզման գործընթացին, ներառյալ՝ դիմումի նախնական ուսումնասիրման արդյունքներով չի կազմել հաղորդում՝ գործը քննության ընդունելու՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով սահմանված պահանջների պահպանվածության վերաբերյալ, որպես զեկուցող դատավոր իրեն մակագրված գործերով չի կատարել օրենքով սահմանված գործառույթները, այդ թվում՝ չի ներկայացրել Սահմանադրական դատարանի ըստ էության որոշման նախագիծ»,- նշվում է գրավոր պատասխանում։

 

Ինչ վերաբերում է բացակայությունների հարգելիության հիմքերին, ապա ՍԴ-ից պաշտոնապես հայտնել են, որ Վահե Գրիգորյանը կողմից չի ներկայացվել իր բացակայությունների վերաբերյալ որեւէ հիմնավորում։

 

«Փաստինֆո» -ն խնդրել էր նաեւ տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե լիազորությունները ստանձնելու պահից քանի՞ գործ է մակագրվել Վահե Գրիգորյանին, դրանցից քանիսն է զեկուցել, քանի գործ է հետաձգվել եւ ինչու, ինչին ի պատասխան հայտնել են, որ Վահե Գրիգորյանին մակագրվել է 6 գործ, սակայն դրանցով նա չի իրականացրել իր լիազորությունները։ Դրանցից որոշներով կայացվել են աշխատակարգային որոշումներ՝ գործի նախնական ուսումնասիրման ժամկետը երկարաձգելու կամ դատաքննությունն սկսելու ժամկետը հետաձգելու վերաբերյալ՝ պայմանավորված նրա անգործությամբ։

 

Նկատի ունենալով գործողումների վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խիստ հետաքրքրությունը՝ մեկ այլ հարցմամբ խնդրել էինք ՍԴ-ից՝ տեղեկացնել, թե արդյոք այս ընթացքում Վահե Գրիգորյանը մեկնել է գործուղման եւ իր հանդիպումների, քաննարկված հարցերի վերաբերյալ տեղեկատվություն պատշաճ կարգով տրամադրվել է ՍԴ-ին, թե ոչ։ Ու պարզվեց՝ ոչ միայն մեկնել է, այլ նաեւ իր այցերը գաղտնի է պահել ու հայտնի չէ, թե ում հետ ինչ հանդիպումներ է ունեցել, ինչ պայմանավորվածություններ ձեռք բերել։ «Վահե Գրիգորյանը 2019թ դեկտեմբերի 13.26.27.30-ին, 2020թ. հունվարի 15.16.17-ին, որոնք հանդիսանում են աշխատանքային օրեր, չի ներկայացել աշխատավայր։ Նրա կողմից Սահմանադրական դատարանի աշխատողներին հայտնած տեղեկությունների համաձայն՝ նշված եւ հաջորդող որոշ ոչ աշխատանքային օրերին նա բացակայել է Հայաստանի Հանրապետությունից՝ գործուղման լինելու պատճառով։ Այլ մանրամասներ հայտնի չեն»,- նշված է ՍԴ ներկայացրած պատասխանում։ Միաժամանակ պաշտոնապես պարզաբանվել է, որ «վերը նշված ժամանակահատվածում Վահե Գրիգորյանը չի գտնվել արձակուրդում, սահմանված կարգով չի գործուղվել, չի ներկայացրել որեւէ տեղեկատվություն քննարկված հարցերի եւ ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ։ Մինչդեռ՝ ՍԴ աշխատակարգի 177-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանի՝ գործուղման մեկնող պատվիրակությունների կազմը հաստատում է ՍԴ նախագահը։

 

Այլ խոսքով՝ Վահե Գրիգորյանը մեկնում է գաղտնի գործուղումների, ունենում կասկածահարույց հանդիպումներ, նրա անգործությամբ էական վնաս է պատճառվում ՀՀ քաղաքացիների օրինական շահերին ու իրավունքներին, վատնվում հարկատուներիս հարկերից գոյացած պետբուջեի գումարները, մինչդեռ Փաշինյանը աչք է փակում դրանց վրա՝ դառնալով այդ ապօրինությունների երաշխավորողն ու հովանավորողը։ Այդուհանդերձ՝ ԱԱԾ-ին պետք է հետաքրքրի, թե իր երկրի բարձր դատարանի դատավորը ինչու է գաղտնի գործողումների գնում, որքանով են ձեռք բերված պայմանավորվածությունները բխում մեր ազգային շահերից։

loading...