Հինգ համալսարանում կներդրվի ինտերակտիվ ուսուցման մեթոդաբանությամբ անցկացվող նոր դասընթաց


Հինգ համալսարանում կներդրվի ինտերակտիվ ուսուցման մեթոդաբանությամբ անցկացվող նոր դասընթաց
Հունվար 29 16:27 2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ «Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամը» ազդարարեց Հայաստանի բուհերում «Ժողովրդավարություն. տեսությունից՝ կենսագործում» թեմայով դասընթաց մշակելու և ներդնելու ծրագրի մեկնարկը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառման ընթացքում տեղի ունեցավ նաև ՍԵՊՊԱ ծրագրի «Քաղաքական մատչելիություն և ներառում» բաղադրիչի շրջանակներում ներգրավված քաղաքացի» համալսարանական դասընթացի հուշագրի ստորագրման արարողությունը:

Հուշագիրը ստորագրվեց Երևանի, Շիրակի, Վանաձորի պետական համալսարանների, Երևանի պետական լեզվահասարակագիտական, ինչպես նաև Երևանի պետական տնտեսագիտական համալսարանների և Այ Էֆ Ի Էս ընկերության միջև:

Քաղաքացիական կրթության ծրագիրը ներառում է նոր դասընթացի ձևավորում և հինգ համալսարանի ուսումնական ծրագրում այն ընդգրկված է որպես նախնական փորձնական փուլ:

Այ Էֆ Ի Էս հայաստանյան գրասենյակի տնօրեն Ժերոմ Լեյրոնը նշեց, որ ծրագիրը կնպաստի ակտիվ քաղաքացիներ ունենալուն, ովքեր հետագայում կսկսեն ակտիվ մասնակցել քաղաքական գործընթացներին:

«Դասընթացը ներկայացնում է մեր հանձնառությունը Հայաստանում ժողովրդավարական փոփոխություններին: Այս դասընթացը, որը կոչվում է«Ներգրավված քաղաքացի», ուղղված է բարգավաճմանը, ժողովրդի, մոլորակի զարգացմանը և խաղաղությանը»,- նշեց Լեյրոնը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը շեշտեց, որ իրենք շատ են կարևորում այս դասընթացի մշակումն ու ներդնումը հայկական համալսարաններում:

«Այս դասընթացը ներդնելը շատ կարևոր է, քանի որ ուսանողների մեծ խմբեր կարող են ներգրավվել օրակարգի ձևավորման և ընդհանուր ակադեմիական մասնակցայնության տեսանկյունից»,- ասաց Կարաբեկյանը:

ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերն ասաց, որ իրենք ցանկանում են ներգրավել երիտասարդների, ինչի շնորհիվ կարող են օգտագործել նրանց պոտենցիալն ու ունակությունները:

«Ներգրավված քաղաքացի» դասընթացը մշակվել է որպես Հայաստանում ընտրական գործընթացների և քաղաքական հաշվետվողականության ամրապնդման ծրագրի բաղադրիչ: Դասընթացով նպատակ ունենք խթանել ժամանակակից Հայաստանում ակտիվ քաղաքացիության, ժողովրդավարական կառավարման և մարդու իրավունքների մասին պատկերացումները՝ ժամանակակից ինտերակտիվ ուսուցման մեթոդաբանությունների միջոցով»,- շեշտեց Գրիզերը:

Նրա խոսքով՝ այդպիսով նրանք ուսանողներին կապահովեն արդյունավետ ներգրավման համար անհրաժեշտ գիտելիքներով, հմտություններով և միջոցներով, ինչպես նաև կամրապնդվեն ժողովրդավարական սկզբունքները:



loading...