Սերժ Սարգսյանի գործով մեղադրական եզրակացությունը հաստատվել է և ուղարկվել դատարան


Սերժ Սարգսյանի գործով մեղադրական եզրակացությունը հաստատվել է և ուղարկվել դատարան
Հունվար 29 11:23 2020

ՀՀ գլխավոր դատախազությունը հաստատել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների քրեական գործով մեղադրական եզրակացությունը. այն քրեական գործի հետ միասին ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։ «Ըստ մեղադրանքի Սերգո Կարապետյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Սերժ Սարգսյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Բարսեղ Բեգլարյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Սամվել Գալստյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և Գևորգ Հարությունյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրական եզրակացությունը քրեական գործի հետ միասին ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան»,- նշեց Խաչատրյանը։

Դեկտեմբերի 4-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։ Ըստ ՀՔԾ-ի հաղորդագրության` Սարգսյանը, զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 2013 թվականին կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ  դրամի հափշտակության կատարումը: