Արտակարգ դեպք Նուբարաշենի բանտում. 2 դատապարտյալներ դանակահարված վիճակում տեղափոխվել են հիվանդանոց


Արտակարգ դեպք Նուբարաշենի բանտում. 2 դատապարտյալներ դանակահարված վիճակում տեղափոխվել են հիվանդանոց
Հունվար 28 21:33 2020

Այսօր՝ հունվարի 28-ին, դանակահարութուն է տեղի ունեցել Նուբարաշենի բանտում: Ժամը 01:30-ի սահմաններում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ բանտի թիվ 57 խցի դատապարտյալների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որն ավարտվել է դանակահարությամբ:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ արդեն ժամը 03:10-ի սահմաններում «կրծքավանդակի կտրած-ծակած վերք, ձախակողմյան պնեմաթորաքս, ձախ սրունքի կտրած վերք, աջակողմյան թոքի սալջարդ, ներորովայնային արյունահոսություն հարցականով» ախտորոշմամբ Երևանի 1-03 շտապօգնության թիվ 43 բժիշկների հերթպահ խումբը իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու:

Կարճ ժամանակ անց, այս անգամ «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել «ձախ ձեռքի կոտրվածք, ձախ նախաբազկի, աջ ազդրի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ մեկ այլ քաղաքացի:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են՝ 44-ամյա Ռաֆայել Ա.-ն և 46-ամյա Հակոբ Վ.-ն:

Վերջիններս հիվանդանոց են տեղափոխվել Նուբարաշենի բանտից, որտեղ ստացել են նշված մարմնական վնասվածքները:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորներից Ռաֆայել Ա.-ն 2016թ.-ին դատապարտվել է 266 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, իսկ Հակոբ. Վ.-ն՝ 178 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Փաստի առթիվ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Կատարվում է նախաքննություն:



loading...