Այսօր Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է:


Այսօր Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է:
Հունվար 28 14:33 2020

Ծնունդդ շնորհավոր, որդիս: Այսօր՝ հունվարի 28-ին, Հայոց բանակի 28-րդ տարեդարձի օրը, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց Ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված կապիտան Արմենակ Ուրֆանյանի մայրը` Համեստ Ներսիսյանը:

Նշենք, որ այսօր Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է:

«Ես շնորհավորում եմ Հայոց բանակի սպաներին, զինծառայողներին, հայ ազգին: Շնորհավորում եմ մեր բանակի ստեղծման 28-րդ տարեդարձը: Շատ դժվար է ինձ համար խոսել Արմենակի մասին, բայց ինքը հպարտությամբ էր ասում, որ բանակի օրնէ  ծնվել: Փոխանակ ասենք՝ առողջություն ու բարի ծառայություն, այսօր ասում ենք՝ Աստված հոգիդ լուսավորի: Շատ ցավոտ է, բայց պետք է հարմարվենք իրականության հետ»:

Ուրֆանյանի մայրը հավելեց, որ այսօր երիտասարդները շարունակում են Արմենակի եւ մյուսների գործը. «Մեր սերունդներն են կրթվում Արմենակով եւ իր ընկերներով: Ժողովուրդը հիշում է, արժեւորում է»:

Նա ընդգծեց, որ Արմենակը իր ծննդյան օրը շատ ավելի հաճախ ընկերների հետ էր նշում, քան տանը. «Ես չեմ հիշում դեպք, որ տանը նշած լինի: Հիմա ենք տանը նշում, առանց Արմենակի»:

Հիշեցնենք, որ կապիտան Արմենակ Ուրֆանյանի վաշտը 2016-ի ապրիլյան պատերազմում հակառակորդի հետ անհավասար մարտում մինչեւ վերջ չնահանջելով աձնազոհաբար կռվել է, մի քանի անգամ հետ մղելով հակառակորդի գրոհները: Նա իր հրամանատարության ներքո գործող չորրորդ հրաձգային վաշտի անձնակազմին հետ ուղարկելով՝ միայնակ շարունակել է մարտը՝ այդ ընթացքում խոցելով մեկ տանկ և մոտ մեկ տասնյակ թշնամու զինվորներ: Ազերիների ձեռքը գերի չընկնելու նպատակով՝ իր մոտ մնացած վերջին նռնակով իր հետ միասին պայթեցրել է մոտեցող թշնամու խումբը՝ նրանց պատճառելով զգալի մարդկային կորուստներ:

Այսօր Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է. ծնվել է 1990-ի հունվարի 28-ին Երևանում: 1992 թվականին ընտանիքի հետ մեկնում է Ռուսաստան, որտեղից վերադառնալով, ընդունվում է ՀՀ ՊՆ Ռազմական ինստիտուտ։

news.am