«Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում տարեցտարի դիմողների թիվն ավելանում է


«Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում տարեցտարի դիմողների թիվն ավելանում է
Հունվար 28 12:50 2020

 Հայաստանի Հանրապետության ռազմական կրթության ոլորտում մեկ տարում մեր զարգացումներ են եղել՝ ընդլայնվել է «Պատիվ ունեմ» ծրագիրը, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում և Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտում ավելացել են վերապատրաստման և մի շարք այլ դասընթացներ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարության կադրերի և ռազմական կրթության վարչության առաջատար մասնագետ Էդուարդ Միրզոյանը:

«Մեկ տարվա ընթացքում տարված աշխատանքներից շատ ենք կարևորում «Պատիվ ունեմ» ծրագրի ընդլայնումը, որին մասնակցելու համար ավելի մեծ թվով քաղաքացիներ են սկսել դիմել՝ մոտ 500 հոգի: Նրանցից  ընտրվել է մոտ 300 հոգի, քանի որ Կառավարության որոշմամբ դիմորդների քանակը սահմանափակ է: Գումարած դրան՝ մոտ 50 հոգի էլ ընտրել է ռազմական բժշկություն մասնագիտությունը: «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում տարեցտարի դիմողների քանակն ավելանում է: Մեզ համար այս ծրագրի ընդլայնումը մեծ ձեռքբերում է»,- նշեց Միրզոյանը:

Նրա խոսքով՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում ավելացվել են մի քանի վերապատրաստման դասընթացներ, օրինակ՝ թիկունքային ծառայության պետերի համար: Պլանավորվում է ընթացիկ տարում անցկացնել համալրման և զորահավաքային բաժնի պետերի դասընթացներ:

«Մեկ տարվա ընթացքում իրականացվել են նաև միջազգային ծրագրեր, որոնցից է ՆԱՏՕ-ի «DEEP» ծրագիրը (Defence Education Enhancement Programme), որն անց է կացվել և՛ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, և՛ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտում: Եղել են նաև փորձի փոխանակման ծրագրեր, որոնց շրջանակում որոշ մասնագետներ եղել են Սերբիայում, Ղազախստանում և այլ երկրներում»,- շեշտեց ՀՀ ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչության առաջատար մասնագետը:

Միրզոյանը նաև նշեց, որ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտում և Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում ներդրվել են մարդու իրավունքների և բարեվարքության դասընթացներ: