Օտտավան ու Լոնդոնը քննարկում են Կանադայում արքայազն Հարրիի անվտանգ կեցության հարցերը


Օտտավան ու Լոնդոնը քննարկում են Կանադայում արքայազն Հարրիի անվտանգ կեցության հարցերը
Հունվար 28 12:07 2020

Կանադայի ազգային ոստիկանության ներկայացուցիչները եւ նրանց բրիտանացի գործընկերները ներկայումս քննարկում են հյուսիսամերիկյան երկրում արքայազն Հարրիի եւ նրա կնոջ՝ Մեգան Մարքլի անվտանգության ապահովման հետ կապված հարցերը: Այս մասին հայտնել է Կանադայի հանրային անվտանգության եւ արտակարգ իրավիճակներին պատրաստականության ապահովման նախարար Ուիլյամ Բլերը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

«Մեր «Թագավորական հեծյալ ոստիկանության (ազգային ոստիկանության) ներկայացուցիչների եւ նրանց բրիտանացի գործընկերների միջեւ ներկայումս ընթանում է [Կանադայում արքայազն Հարրիի եւ նրա ընտանիքի] անվտանգության ապահովման հարցերի քննարկում, ինչպես նաեւ համապատասխան ծախսերի մարման հարցերը»,- СBC հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ասել է կանադացի նախարարը: Բլերը մանրամասներ չի ներկայացրել:

Բրիտանական «Իվնինգ ստանդարտ» տաբլոիդը հունվարի կեսին հայտնել էր, որ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն իբր Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ին արդեն հավաստիացրել է, որ Օտտավան իր վրա կվերցնի միապետական անձանց պահպանության ապահովման ծախսերը Կանադայում նրանց կեցության ժամանակ: Թրյուդոն ավելի ուշ հերքել է այս պնդումը՝ հայտարարելով, որ թագուհու հետ նման հարցեր չի քննարկել:

Արքայազն Հարրին, որը գահաժառանգների հերթում 6-րդն է, եւ նրա կինը հունվարի 8-ին իրենց Instagram-յան էջում հայտարարել էին թագավորական ընտանիքի ավագ անդամների կարգավիճակից հրաժարվելու եւ իրենց ֆինանսական անկախությունն ապահովելու, ինչպես նաեւ երկու տներում՝ Կանադայում եւ Մեծ Բրիտանիայում ապրելու մասին: Մեգանը Մեծ Բրիտանիայից հեռացել էր այս հայտարարությունից գրեթե անմիջապես հետո եւ վերադարձել էր Կանադա, որտեղ ընտանիքի հետ էր անցկացրել ծննդյան արձակուրդները, հիմա նա այնտեղ է որդու հետ: Արքայազն Հարրին անցյալ շաբաթ նույնպես Կանադա է մեկնել:

Բուքինգեմյան պալատը հունվարի 18-ին հայտարարել էր, որ զույգն այսուհետեւ չի կարող պաշտոնական ուղեւորությունների ժամանակ պաշտոնապես ներկայացնել Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ին, կատարել այլ արարողակարգային պարտականություններ եւ օգտագործել Ձերդ Մեծություն տիտղոսը: Հայտարարվել էր նաեւ այն մասին, որ արքայազնի ընտանիքն այլեւս չի ստանա բյուջետային միջոցներ, որոնց հաշվին մարվում էին Սասեքսի դքսի եւ դքսուհու ծախսերը՝ պայմանավորված միապետական ազգանուն կրող անդամների նրանց պաշտոնական դերով: