Դ.Մելիքբեկյանը եւ Ա.Աջամյանը միմյանց հետ խնդիր չե՞ն ունեցել. ինչ է պարզել դատագենետիկական փորձաքննությունը


Դ.Մելիքբեկյանը եւ Ա.Աջամյանը միմյանց հետ խնդիր չե՞ն ունեցել. ինչ է պարզել դատագենետիկական փորձաքննությունը
Հունվար 27 23:10 2020

Մահացու հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Արթուր Աջամյանի գործով ստացվել են դատագենետիկական փորձաքննության արդյունքները: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց մահացած զինծառայողի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայարփի Սարգսյանը:

«Զենքն ուղարկվել էր գենետիկական փորձաքննության եւ մենք ստացել ենք պատասխան, որը ինձ համենայնդեպս կասկածելի է  եւ ես կրկնակի դատագենետիկական փորձաքննություն անցկացնելու միջնորդություն եմ ներկայացրել: Ուրեմն վիրավոր զինծառայող Դավիթ Մելիքբեկյանի հայտնաբերման վայրից հողանման զանգված էին նրանք հայտնաբերել արնանման հետքով եւ ուղարկել էին փորձաքննության, պարզելու` արդյոք, համընկնում է Արթուր Աջամյանի արյան հետ, թե` ոչ: Արթուր Աջամյանի զենքը, պահեստատւփերը նույնպես ուղարկվել էին փորձաքննության` պարզելու համար արյան հետքերը արդյո՞ք համընկնում են Դավիթի արյան հետ, թե` ոչ: Ստացված եզրակացությամբ հերքվել է այն հանգամանքը, որ հողանման զանգվածի արյունը կարող է համընկնել, այսինքն Արթուր Աջամյանին չի պատկանում այդ արյունը, ստացվում է, որ Արթուր Աջամյանի արյունը խրամատում չի հայտանբերվել, այնտեղ, որտեղ Դավիթն է գտնվել եւ հակառակը` Արթուր Աջամյանի զենքի վրա հայտնաբերված արյան հետքերը ըստ փորձագետի, առաջացել է մեկ այլ անձից, սակայն դրանք չեն պատկանում Դավիթ Մելիքբեկյանին»,- ասել է փաստաբանը:

Տուժողի իրավահաջորդի խոսքով` պահեստատուփերից մեկի վրա էլ հայտնաբերվել է արական սեռի ներկայացուցչի մատնահետք, նույնանման հետքեր են հայտնաբերվել նաեւ ինքնաձիգի մակերեսի վրա:

«Ավելի պարզ ասած, ըստ եզրակացության, մենք ունենք 3 պատասխան, առաջինը՝ երբ հողանման զանգվածի հետքը չի պատկանում Արթուր Աջամյանին, երկրորդը, որ Արթուր Աջամյանի վրա հայտնաբերված արնանման հետքերը չեն պատկանում Դավիթ Մելիքբեկյանին եւ, բացի այդ, ինքնաձիգի ձգանի վրա կա հետք, որը պատկանում է արական անձի, համեմատվել է Արթուր Աջամյանի արյան հետ եւ համընկնում է 99.9 տոկոսով: Երրորդը՝ ստացվում է, որ երեք տարբեր անձանց մատնահետք է հայտնաբերվել ընդհանուր ինքնաձիգի մակերեսի վրա»,- ասաց Հայարփի Սարգսյանը:

Վերը նշվածից նա եզրակացնում է, որ Դավիթ Մելիքբեկյանը եւ Արթուր Աջամյանը միմյանց հետ խնդիր չեն ունեցել եւ կան այլ անձինք` առնվազն երկու հոգի:

«Մենք ակնկալում էինք պատասխան հարցին, թե ինքնաձիգի վրա ում հետքերն էին, եւ եթե փորձագետն ասում է, որ այդ հետքը 100 տոկոսով չի համապատասպանում, նշանակում է, որ այլ անձի  է պատկանում, այդ իսկ պատճառով արդյունքը անորոշ է, կասկածելի է եւ նորից դատագենետիկական փորձաքննություն անցկացնելու միջնորդություն եմ ներկայացրել»,-ասաց նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Իշխանի Աջամյանը, իսկ զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվել է:

Զինծառայող Արթուր Իշխանի Աջամյանի մահացու հրազենային վիրավորում ստանալու, իսկ պարտադիր ժամկետային զինծառայող Դավիթ Հարությունի Մելիքբեկյանի հրազենային վիրավորումներ ստանալու դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Հիշեցնենք, որ Աջամյանի հարազատները հանդիպել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, վերջինս խոստացել էր անձամբ հետևել գործի ընթացքին։

Նշենք, որ մինչև վարչապետի հետ հանդիպումը հարազատները բողոքի ակցիա էին իրականացնում Կառավարության դիմաց։ Նրանք փակել էին Տիգրան Մեծի պողոտան։