Մարդուն մեկ հանցանքի համար երկու անգամ են պատժում. և՛ գումար ես վճարում, և՛ բալից զրկվումՆ


Մարդուն մեկ հանցանքի համար երկու անգամ են պատժում. և՛ գումար ես վճարում, և՛ բալից զրկվումՆ
Հունվար 26 21:45 2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ մամլո ասուլիսի ժամանակ անդրադարձել է բալային համակարգին՝ նշելով, որ 2020 թվականի հունվարի 1-ից գործարկվել է ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգը, որի նպատակն է՝ բարձրացնել երթևեկության անվտանգության ապահովման ոլորտում վարչական պատասխանատվության քաղաքականության արդյունավետությունը՝ բացառելով նախկինում գործող՝ քաղաքացիներին հետապնդելու և տուգանելու բաղադրատարրը:

«Նոր համակարգը միտված է վարչական իրավախախտումների ընդհանուր և անհատական կանխարգելմանը, վարչական պատասխանատվության միջոցների ուղղիչ գործառույթների ապահովմանը, ինչպես նաև ՀՀ քաղաքացիների սոցիալական բեռի թեթևացմանը: Հիշո՞ւմ եք, որ և՛ հեղափոխության ժամանակ, և՛ դրանից հետո հայտարարել եմ, որ ՀՀ քաղաքացին չպետք է տուգանվելու մատերիալ լինի, և դրանից հետո բազմիցս հնչել են հարցեր, թե բա ի՞նչ եղավ այդ հայտարարութունը: Այս փոփոխության արդյունքում երկու բան ենք փոխել. առավելագույն տուգանքի չափը սահմանել ենք 29.000 դրամ և ասել ենք՝ եթե մի քանի անգամ տուգանվում ես, ուրեմն երթևեկության անվտանգության հետ կապված խնդիր ես ստեղծում, դրա համար զրկում ենք մեքենա վարելու իրավունքից»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարորդներից նրանք, ովքեր դժգոհում են բալային համակարգից՝ 168.am-ի հետ զրույցում թվարկեցին մի շարք խնդիրներ, որոնց լուծումից հետո, ըստ նրանց, նոր կարող էր ներդրվել բալային համակարգը:

Կարևոր համարեցին ավտոկայանատեղիների հարցի լուծումը, գծանմուշների թարմացումը, լուսացույցները երևացող տեղերում տեղակայելը:

«Բալային համակարգը սխալ է, այո՛, ընդօրինակել են Եվրոպայից, բայց մենք համապատասխան պայմաններ չունենք: Դրա փոխարեն՝ թող բոլոր վարորդները նորից քննություն հանձնեին: Այն վարորդները, ովքեր վարորդական վկայականը գումարով են գնել՝ դատարկություն են, չեն կարողանալու հանձնել: Համամիտ եմ, եթե հարբած բռնեն՝ թող ընդմիշտ զրկեն մեքենա վարելու իրավունքից: Օրինակ բերեմ. Թումանյան փողոցում պատվեր կար, գնացի, անհնար էր կայանելը. երկրորդ շարք չէի կարող կանգնել՝ կնկարեին, ու ստիպված պատվերը չեղարկեցի: Ուղևորը 1000 դրամ փող պետք է տար, իսկ ես 5000 տուգանվեի ու բալից զրկվեի: Եվ հետո, սա մարդու իրավունքների խախտում է. մարդուն մեկ հանցանքի համար երկու անգամ են պատժում. և՛ գումար ես վճարում, և՛ բալից զրկվում»,- նկատեց տաքսու վարորդներից մեկը:

«Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ բալային համակարգը լուրջ խնդիրներ է ստեղծում հատկապես տաքսու վարորդների համար:

«ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ենք դիմել, բայց արձագանք չկա: Փոխարենը՝ Ազգային ժողովի խմբակցություններն են կարծիք հայտնել, որ կողմ են տաքսու ոլորտը կարգավորելուն:

Ուզում ենք, որ լիցենզավորում լինի, բալերը տաքսու վարորդների վրա չազդեն. լիքը բառադի տաքսիստ կա, թող տուգանեն. ով կմտնի հարկային դաշտ, սիրուն կհագնվի, դեղին համարանիշ կունենա, պետք է արտոնություն ունենա, իսկ ով ոչ մի բան չի ուզում, թող քշի, մենք իր հետ գործ չունենք: Խնդրահարույց է կայանատեղիների հարցը, մարդիկ երկրորդ շարք են ստիպված կանգնում: Ավելին, խցանումներից խուսափելու համար տաքսու վարորդին օրենքով թույլ թող տան շրջադարձ անել, որոշ փակ փողոցներ մտնել,- նշեց Տիգրան Հովհաննիսյանը՝ հավելելով,- Արդեն կան տուգանված տաքսու վարորդներ, նրանցից մեկն անգամ Առաջին ատյանի դատարան է դիմել՝ վճարելով 4000 դրամ պետական տուրք, դատը պարտվել է, Վերաքննիչ դիմելու համար արդեն 10.000 դրամ պետտուրք պետք է վճարեր, չի արել, ու ստիպված պարտվեցինք, բայց խի՞ կրվանք»:

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ են մտել տեսանկարահանող սարքերով և արագաչափերով արձանագրված խախտումների մասին դրույթները, իսկ սեպտեմբերի 1-ից խախտումները ոչ միայն կարձանագրեն, այլև բալերից կզրկեն նաև ավտոտեսուչները:

168.am