Շիրակի պետական համալսարանը կշարունակի գործել


Շիրակի պետական համալսարանը կշարունակի գործել
Հունվար 25 23:58 2020

Շիրակի պետական համալսարանը չի գնալու լուծարման: Այս մասին հունվարի 25-ին լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: «Բուհն ունենալու է լավագույն  ճակատագիրը: Բուհի՝ 2 անգամ ռեկտոր չընտրելու գործընթացը նորմալ է, ինչը բնորոշ է հետհեղափոխական շատ պետությունների: Ամեն ինչ կհանդարտվի. և՛ կընտրվեն ռեկտորներ, և՛ օրենքը կաշխատի»,-նշեց նախարարը՝ անդրադառնալով բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար  Երվանդ Սերոբյանի  դեմ հարուցված քրեական գործերին՝ վստահեցնելով, որ իր կողմից չկա հովանավորչություն, ինչպես նշում են որոշ լրատվամիջոցներ:

«Զուտ աշխատանքային հարաբերություններ են, և դուք որևէ տեղ չեք տեսնի, որ նախարարի ու նախարարության գործունեության մեջ այլ հարաբերություններ կան, քան գործընկերայինները: Ես ուրախ եմ, որ ինձ վերագրում են այնպիսի մեծ բաներ, որոնք կարող են փոփոխություններ իրականացնել մարզի մակարդակով, բայց իմ լիազորությունները սահմանափակվում են բացառապես կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտով»,-նշեց նախարար Արայիկ Հարությունյանը: 

Պատասխանելով լրագրողների՝ Շիրակի մարզի տարածքում գործող ոչ պետական բուհերի գործունեությանը, նախարարը նշեց, որ խնդիր չկա որևէ բուհի միավորման: «Մասնավոր բուհերն իրենք պետք է որոշեն՝  ինչ կրթական ծառայություններ ու ինչ որակի են դա մատուցում: Մենք օրենք չենք ընդունելու բուհ փակելու, մենք կրթական համակարգի համար բարձր կրթական չափանիշներ ենք սահմանելու: Բուհերն իրենք են իրենց ճակատագիրը որոշելու՝ այդ չափանիշներին համապատասխան»:

Խոսելով կրթական հաստատություններում խնամի-բարեկամ սկզբունքի մասին նախարարը վստահեցրեց, որ իր նախարար լինելու ընթացքում չկա մի դեպք, որ իր բարեկամն իր նշանակմամբ գործի է անցել:

Armenpress