Բողոքի ցույց՝ 10-ամյա աղջկա վրաերթի վայրում լուսացույց տեղադրելու պահանջով


Բողոքի ցույց՝ 10-ամյա աղջկա վրաերթի վայրում լուսացույց տեղադրելու պահանջով
Հունվար 25 22:37 2020

Հունվարի 24-ին, Երևանի Հովհաննես Հովհաննիսյանի անվան N 52 դպրոցի մոտ վրաերթ տեղի ունեցավ, ինչի արդյունքում 10-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացավ հիվանդանոցում:

Դպրոցի  շրջանավարտները, ուսուցիչները, ծնողները և աշակերտները որոշել են հունվարի 29-ին բողոքի ցույց կազմակերպել՝  դպրոցի մոտ լուսացույց տեղադրելու պահանջով։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց նախաձեռնության անդամներից Էլեն Գալոյանը, ով նույն դպրոցի շրջանավարտ է:

 

«Այդ  վայրում բազմաթիվ անգամներ են վրաերթեր տեղի ունեցել, որոնք ավարտվել են կոտրվածքներով ու վնասվածքներով, իսկ մահվան դեպքերը եղել են երեքը: Մենք որոշեցինք անգործ չմնալ ու պահանջել, որ լուսացույց ավելացնեն՝ խուսափելու համար  հետագա դժբախտ պատահարներից կամ վերգետնյա անցում կառուցեն»,-ասաց նա:

 
 

Շրջանավարտի խոսքով՝ նույնատիպ խնդիր ունի նաև հարևանությամբ գործող թիվ 158 դպրոցը, այնտեղ  կա անցում, բայց չկա լուսացույց. «Հենց այդ պատճառով մեր նախաձեռնությանը միացել են նաև այդ դպրոցի ուսուցիչները, աշակերտներն ու ծնողները»:

 

Նա նշեց, որ իր նախկին դպրոցի տնօրենը մի քանի անգամ դիմել է քաղաքապետարան՝ խնդրանքով որ լուսացույց տեղադրեն, սակայն նրան մերժել են.«Մենք վաղ առավոտից կլինենք դպրոցի բակում, կփակենք ճանապարհները ու թույլ չենք տա, որ երեխաները դպրոց մտնեն»:

 

Էլենը լիահույս է, որ այս տարբերակով կկարողանան լուծել աշակերտների անվտանգության հարցը: