Ուրբաթ երեկոն հրաշալի հնարավորություն է՝ պատրաստում ենք «Թվիքս» տնային պայմաններում


Ուրբաթ երեկոն հրաշալի հնարավորություն է՝ պատրաստում ենք «Թվիքս» տնային պայմաններում
Հունվար 24 22:44 2020

Պատրաստվում է հեշտ ու արագ, արդյունքը' գերազանց: Բաղադրությունը Խմորի համար' ալյուր 150 գ, կարագ (լավ սառը) 80 գ,շաքարափոշի 50 գ, դեղնուց 1-2 հատ , թթվասեր 1-2 ճ/գդալ,մի պտղունց աղ: Կարամելի համար' 1-1,5 բանկա խտ. կաթ, 15 գ կարագ, կաթնային շոկոլադ' 200-250 գ (կարելի է նաև մի մասը դառը շոկոլադով փոխարինել) Պատրաստման եղանակը Ալյուրն ու աղը մաղել թասի մեջ, ավելացնել շաքարափոշին ու կտրատած կարագը: Հարել (կարելի է նույնը դանակով անել) այնքան, որ խոշորահատիկ զանգված ստացվի: Ավելացնել դեղնուցն ու խառնել: Ապա լցնել թթվասերը ու կրկին խառնել. պետք է ստացվի թանձր հատիկավոր զանգված, որը, ի դեպ, կպչուն է (եթե բավարար կպչունություն չունի, մի փոքր թթվասեր կարելի է ավելացնել): Ստացված փխրուն խմորը տարածել տապակի վրա փռված կալկայի վրա, պատառաքաղով ծակծկել ու դնել սառնարանը 20-30 րոպեով: Ապա փուռը տաքացնել մինչև 180 C: Տապակը հանել սառնարանից ու դնել տաք փռի մեջ և թխել 20 րոպե, մինչև թեթև վարդագունելը: Կարամել Հաստ տակ ունեցող պողպատյա թասի մեջ լցնել խտ.կաթը, ավելացնել մի փոքր կարագ, ու դնել մարմանդ կրակին, եփել անընդհատ փայտե գդալով խառնելով ' 20-35 րոպե (պատրաստման ժամանակը կախված է կաթսայի հաստությունից): Եփի ընթացքում կաթը թանձրանում ու կարամելի երանգ է ստանում: Կրակից վերցնելուց անմիջապես հետո այն սկսում է սառչելուն զուգընթաց պնդանալ (սառած վիճակում իրիս է հիշեցնում): Եթե եփը երկարի' չափազանց կպնդանա, իսկ եթե քիչ լինի, ապա կհոսի խմորի կողերից: Պատրաստ կարամելն իսկույն տարածում եք թխվածքաշերտի վրա հավասարաչափ: Շոկոլադը հալեցնելու համար այն պետք է մանրացնել ու լցնել չոր կաթսայի մեջ (50 գ դնել մի կողմ): Շոկոլադով թասը դնել եռման ջրով կաթսայի մեջ ու այնքան թողնել, որ ամբողջությամբ հալչի, ապա ավելացնել մի կողմ դրած 50 գ-ն ու խառնել այնքան, որ դա էլ հալչի: Թասը զգուշորեն հանել ջրով կաթսայից, որ մեջը ջուր չլցվի, ապա ամբողջ պարունակությունը լցնել թխվածքաշերտի վրա, հավասարաչափ տարածել և տապակը կրկին դնել սառնարանը 2-4 ժամով, լավ սառեցնել: Պատրաստի թխվածքը շերտերով կտրատել ու մատուցել թեյի, սուրճի, կակաոյի հետ: