Վայոց ձորում ավարտվել է խաղողի գինեմետ սորտերի նոր այգետնկումների համար հողերի մոնիթորինգի ծրագիրը


Վայոց ձորում ավարտվել է խաղողի գինեմետ սորտերի նոր այգետնկումների համար հողերի մոնիթորինգի ծրագիրը
Հունվար 24 15:14 2020

Խաղողի բարձրաժեք գինեմետ սորտերի այգետարածքներն ընդլայնելու նպատակով Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը 2019 թվականի  ընթացքում Վայոց Ձորի մարզում իրականացրել է հողերի մոնիթորինգի պիլոտային ծրագիր, որի արդյունքներն ամփոփվել են օրերս։

 

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ամփոփիչ միջոցառմանը ներկա է եղել  ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը։

 

Ծրագրի իրականացման ընթացքում թիրախավորվել և ուսումնասիրվել է ավելի քան 7000 հա հողատարածք։ Դաշտային այցելությունների և հեռահար զոնդավորման տեխնոլոգիաների միջոցով վերհանվել և քարտեզագրվել են խաղողի բարձրարժեք գինեմետ սորտերի տնկման համար պիտանի համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողակտորները:

 

Մշակվել են վերհանված տարածքների քարտեզները և անձնագրերը, որոնց աշխարհագրական և տառաթվային առավել կարևոր բնութագրիչները կամփոփվեն համապատասխան տվյալների բազայում։

 

Այս ծրագիրը հնարավորություն կտա Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամին իրականացնելու առավել արդյունավետ ներդրումային քաղաքականություն և խթանել նոր այգետնկումները։