ԱԺ-ն քննարկում է աշխատող ուսանողների ուսման վարձը եկամտահարկով փոխհատուցելու օրինագիծը


ԱԺ-ն քննարկում է աշխատող ուսանողների ուսման վարձը եկամտահարկով փոխհատուցելու օրինագիծը
Հունվար 23 16:31 2020

ՀՀ ազգային ժողովը լիագումար նիստում քննարկում է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի և պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած նախագիծը, որով առաջարկվում է մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում մի շարք մասնագիտություններով սովորող և միաժամանակ աշխատող անձանց եկամտային հարկը վերադարձնել՝ ուսման վարձի փոխհատուցման նպատակով: «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը նիստում ներկայացրեց Սիսակ Գաբրիելյանը:

Նա հիշեցրեց` կառավարության ծրագրով, ինչպես նաև «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրով  խրախուսում են աղքատության հաղթահարումը հատկապես կրթության և աշխատանքի միջոցով: Եվ հենց այս երկու գաղափարներն էլ ներառվում են նախագծում: «Այն ուսանողները, որոնք կառավարության սահմանված մասնագիտությունների ցանկով սովորելուն զուգահեռ կաշխատեն, ուսումնական տարվա ավարտից հետո պետությունը ուսման վարձը կփոխհատուցի եկամտային հարկի վերադարձի տեսքով, եթե եկամտային հարկը կբավարարի ուսման վարձի չափով` ոչ ավել, քան ուսման վարձը»,-ասաց Գաբրիելյանը:

Նախատեսում է այդ կարգավորումը կիրառել միայն մագիստրատուրայի, ասպիրանտուրայի, օրդինատուրայի համար: Առաջարկվող արտոնությունը կգործի կառավարության կողմից սահմանված մասնագիտություններում: